Արցախից մեկ պատասխան է հնչում՝ «մի խանգարեք, մենք լավ ենք, մենք ամուր ենք»
Արցախցի կանայք, որոնք ռազմական գործողությունների պատճառով ապաստան են գտել Հայաստանում, նախորդ օրերին Երևանում տարբեր միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների մոտ բողոքի ակցիաներ են արել՝ այդպես բարձրաձայնելով այն մարդասպան, ահաբեկչական գործողությունները, որոնք կատարվում են Արցախում։
«Մեր շարժումը սկսվեց, քանի որ այլևս անհնար է լռել, միգուցե հենց այսպես պետք է ներկայացնենք Արցախում տիրող ողջ ահաբեկչական, մարդասպան գործողությունները, ցեղասպան գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի կողմից քողարկված Ադրբեջանի փեշի տակ»,- ասուլիսում ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Իրինա Սաֆարյանը։
Նա ասաց, որ ակցիաների արդյունքում հանդիպել են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ, որն իր մտահոգությունն է հայտնել, փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ, միգուցե այդպես հայտնվեն Արցախում ու տեսնեն, թե ինչ է կատարվում։
«Դրա համար նրան պետք է հրահանգներ տրվեն վերևից, ինչը մինչև հիմա չենք տեսնում»,- ասաց Ի. Սաֆարյանը։
«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը հիշեցրեց, որ ակցիա են արել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության առջև, քանի որ Ամերիկան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, նաև պատասխանատվություն է կրում արցախյան հակամարատության կարգավորման իրենց չափաբաժանով։
«Նաև ընտրել ենք ԱՄՆ դեսպանությունը նրա համար, որ Թուրքիան, որն այս պատերազմում ավելի մեծ նեգրավածություն ունի, քան մեր անմիջական թշնամի Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ գործընկերներից մեկն է։ Բոլորովին նորություն չէ, որ հենց ամերիկյան զինատեսակներն են օգտվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենն արվում է օրենսդրության խախտմամբ, քանի որ առանց ԱՄՆ թույլտվության նրանց զենքերը չեն կարող հայտնվել այլ երկրներում։ Այս ամենը ներկայացրել ենք դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ, ներկայացվել ԱՄՆ ներկայացուցչին, որն ընդունել է, ասել՝ այո, այդ ամեն ինչը, բնականաբար, խախտումներով է արվում»,- ասաց Ս. Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենց պահանջը ԱՄՆ-ից, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ երկրներից ճանաչել Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քանի որ միայն այդպես կարող են զսպել Ադրբեջանին ու Թուրքիային, կամ գոնե հայտարարություն անեն, որ ռազմական գործողությունները շարունակելու դեպքում կճանաչեն Արցախի անկախությունը։ Ս. Սարգսյանը վստահ է, որ այդ դեպքում թշնամին անմիջապես կլռի։
«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Լիանա Ադամյանն ասաց, որ Արցախի կնոջը, մորը կոտրել հնարավոր չէ, քանի որ նրանք իրենց մանկությունն անցկացրել են նկուղում։
«Ցասումը մի կողմ ենք թողել ու խաղաղության լեզվով ուզում ենք ասել աշխարհին, որ Արցախում ապրում են կանայք, ինչո՞ւ պետք է զրկված լինեն կրթության իրավունքից, ինչու չպետք է պաշպանել մեր իրավունքները։
Մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք պարտադրելու, քանի որ զինակից ընկերներ ենք մեր հայրերին, ամուսիններին, եղբայրներին։
Մենք պաշտպանում ենք մեզ առաջնագծում։ Դա ենք ուզում ասել նաև այդ կառույցներին։
Թույլ մի տվեք, որ ահաբեկչությունը հասնի ձեր երկրներ, քանի որ ձեր երկրներում դուք չեք կարողանում պաշտպանել ձեր արժանապատվությունը։ Մենք այդ հարցը լուծում ենք մեր տարածաշրջանում, մեր երկրում։ Կանգնեք մեր կողքին՝ իրավական, քաղաքական գնահատական տալով։ Ավելին չենք ուզում, ոչ մի մարդասիրական օգնության այս պահին չենք ուզում»,- ասաց Լ.Ադամյանը։
Նա նշեց, որ շարունակելու են ներկայացնել իրենց պահանջը մինչև մարդիկ հասկանան, որ կա Արցախի Հանրապետություն, որը ժողովրդավարական արժեքներով պետություն է։
Լ. Ադամյանն ասաց, որ դեռ սպասում են ԱՄՆ դեսպանության պատասխանին, դեսպանը պետք է ընդունի իրենց, այլապես խոսելու են նույն լեզվով. «Մենք խաղաղություն ենք ուզում, ճանաչում ենք ուզում, մենք մեր իրավունքներն իրացնել ենք ուզում»։
Նա նաև պատմեց. «Նախքան ասուլիս ներկայանալը, զանգել եմ Արցախում գտնվող իմ ազգականներին, իհարկե, առաջնագիծ չեմ կարող զանգել։ Գիտենք, որ երեկ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ Հարցնում եմ՝ ինչպե՞ս եք, մեկ պատասխան է հնչում՝ մի խանգարեք, մենք լավ ենք, մենք ամուր ենք, մենք այլընտրանք չունենք՝ չլինենք ամուր։
Լ. Ադամյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ին ժամը 11։00-ին հավաքվելու են Երևանում Եվրամիության գրասենյակի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
- Արցախցի կանայք ԱՄՆ-ից պահանջում են՝ այլևս չլռել
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
- «Շամպայնը պահել ենք, որ հաղթանակը նշենք». արցախցիները՝ ապաստարանից