Ադրբեջանի կողմից դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր կան. Բեգլարյան
«Թշնամու կողմից թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Դրանք պարբերաբար հրթիռակոծության և հրետակոծության են ենթարկվել»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, որոշ պարբերականությամբ նաև Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում, օրինակ՝ երեկ երեկոյան.
«Ըստ մեր վերլուծության, հակառակորդը երեկ կիրառել է «Պոլոնեզ» տիպի հրթիռներ և թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ՝ ներառյալ բնակելի հատվածներ, մասնավորապես՝ որոշ բնակելի տներ են վնասվել, խոշոր տրամաչափի գազատար խողովակ է վնասվել և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ են վնասվել։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և կրկին ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն՝ Ժնևյան կոնվենցիաներով»։
Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ բարեբախտաբար վիրավորներ ու զոհեր չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են եղել։
«Մնացածն ավելի մանրամասն ճշգրտվում է, և հետագայում կներկայացնենք։ Մարտունի և Մարտակերտ քաղաքներում ևս պարբերաբար թիրախավորումներ լինում են, կրկին գլխավորապես նյութական վնասներ են արձանագրվում։ Մարդիկ զգուշավոր են, հասկանում են, որ ռիսկը մեծ է և ապաստարաններում են լինում, դրա համար արդեն մարդկային զոհերի և վիրավորների քանակը նվազում է»,- ներկայացրեց Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում լինում են ճիշտ տվյալներ, և այդտեղ տարբեր տեսակի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում՝ դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր, ինչպես նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնող դեպքեր։
«Ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ, բարձր հավանականությամբ՝ և՛ ֆիզիկական. և՛ հոգեբանական, որպեսզի դրանք օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում։ Դա միանշանակ անընդունելի է, և կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիայի դրույթները։
Այս տեսանկյունից կարևոր է, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները և երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում, ինչպես նաև հայ զինծառայողների դիերի մասով բացառվեն հետագա իրավախախտումները և ոտնձգությունները»,- նկատեց Արտակ Բեգլարյանը։
Նա նաև նշեց, որ արդեն երկու անգամ Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի ռեժիմը պահելուց, ինչի հետևանքով բավականին շատ հայ և ադրբեջանցի զինծառայողների դիակներ հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել և հասցնել իրենց ընտանիքներին, ինչն անմարդկային վերաբերմունք է այդ դիերի հանդեպ.
«Տպավորություն կա, որ Ադրբեջանը դիտավորյալ չի գնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, քանի որ ունի բազմաթիվ զոհեր ու չի ուզում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, քանի որ կարող է ռեզոնանս առաջանալ ադրբեջանական հասարակության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին