Ռուսաստանը կփորձի թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը․թուրքագետ
Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը «Թուրքական հոսք» գազատարի շուրջ իրենց համագործակցությունը նպատակ ունեն ընդլայնելու։ Սակայն,տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։ Ռուսաստանի համար նժարի մի կողմում տնտեսական հարաբերություններն են, իսկ մյուսում ՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության պահպանումը։
Արդյո՞ք արցախյան հակամարտության պայմաններում քաղաքական և տնտեսական հարաբերությունները կարող են այլ ընթացք ստանալ Ռուսաստանի և Թուրքիայի համար։
Ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես գտնվում են «կարմիր զոնայում», այսինքն՝ հարաբերությունների վատթարացումն ու լավացումը կարող են հաջորդել մեկը մյուսին։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Թուրքիան անընդհատ օգտվում է արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունից և փորձում է երկու կողմից քաղել առավելագույնը։ Բնականաբար ռուսական կողմը դա հասկանում է և վերջին տասնամյակում փորձում է ամեն դեպքում հնարավորինս հեռու պահել ՆԱՏՕ-ից կամ գոնե Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները վատթարացնել:Ինչը հաջողվում է Ռուսաստանին։ Արդյունքում ՝ թուլացած Թուրքիան ավելի քիչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար»,-ասաց Իսպիրյանը։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Արցախյան հակամարտության համատեքստում, թուրքագետը նշեց, որ Ռուսաստանն, ի տարբերություն Թուրքիայի, մշտապես հանդես է եկել զուսպ հայտարարություններով, սակայն գործել է առարկայական։
«Ռուսաստանը կփորձի թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը։ Դրա համար ունի համապատասխան գործիքներ՝ սկսած զինավարժություններից, տնտեսական քայլերից, ավարտած տարբեր քարոզչական գործիքներով»,-հավելեց թուրքագետը։
Ամեն դեպքում, որքան էլ Թուրքիան լավ տնտեսական գործընկեր լինի Ռուսաստանի համար, ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի ծանր գին ունի, քան տնտեսական հարաբերությունները։
«Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները չեն կարող գերազանցել Հայաստանի ազգային անվտանգությանը։ Ռուսաստանի համար տարածաշրջանում իր ազդեցության կորուստն ավելի ծանր գին ունի, քան 100 կամ 1000 տոննա մանդարինը կամ ինչ-որ զենքի վաճառքը»,-ընդգծեց Իսպիրյանը։
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք» գազատարի շուրջ համագործակցության հնարավոր նահանջին, ապա թուրքագետն այս փուլում նման զարգացում չի տեսնում, թեև հետագայում չբացառեց նման ընթացք։ Դա կախված է նաև այն բանից, թե որքան հեռու կարող է գնալ երկու երկների միջև քաղաքական հարցերի շուրջ հակասությունները։ Այս համատեսքստում հարկ է ընդգծել նաև Ղրիմի գործոնը, որտեղ ևս Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հակասություններ։ Ամեն դեպքում ամեն ինչ պարզորոշ կլինի առաջիկայում։