Պարգև սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, աշխարհի բոլոր ղեկավարներին՝ Արցախի Հանրապետությունում պատերազմը կանգնեցնելու ու այդպես կյանքեր փրկելու համար։
Նա նշում է, որ արդեն գրեթե մեկ ամիս է, որ դաժան պատերազմ է գնում Արցախում, Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին, մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:
«Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: 100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ և ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ:
Ինչո՞ւ։
Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանիկ կայսրություն ստեղծել՝ պանթուրանիկ, Թուրքիայից մինչև Չինաստան: Եվ այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը և մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:
Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը, որ երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ, ինչպես 1990-ականնեներին, 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց երկու անգամ դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում:
Դիմում եմ Ձեզ բոլորիդ՝ աղոթեք խաղաղության համար, արեք ամեն ինչ, որ խաղաղություն տիրի և մեր տարածքում, և մեր տարածաշրջանում, և ողջ աշխարհում։
Խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ, թե շուտ, ավարտվում են: Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ մի օպտիմալ լուծում գտնել: Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»,- իր կոչում նշում է Պարգև սրբազանը։
Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության յութուբյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ հնարավոր ջանքեր գործադրել դադարեցնելու պատերազմը
- Պարգև սրբազան. Երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ
- Պարգև սրբազանը շնորհակալություն է հայտնում 18-20 տարեկան հերոս տղաների ծնողներին
- Պարգև Սրբազան. Ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին