Ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները. Արծրուն Հովհաննիսյան
«Ես օրվա ընթացքում զանգեր, նամակներ եմ ստանում առաջնագծում գտնվող սպաներից, զինվորներից, ովքեր բարեբախտաբար շատ ժամանակ չունեն հետևելու լրատվադաշտին, համացանցին և հաճախ ծիծաղում են թե՝ ձեր մոտ այդ ինչ է կատարվում, մենք այստեղ մարտունակ, բարձր ոգով մեր մարտական խնդիրներն ենք կատարում, հաճախ տեսնում ենք, թե ինչ ծայրահեղ քննարկումներ են ձեր մոտ կատարվում»,- հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա շեշտեց, որ պատերազմը դաժան է, շատ խիտ ու հագեցած՝ ուժերի և միջոցների տեսանկյունից: Ըստ Հովհաննիսյանի, արագ և դինամիկ մարտական գործողություններ են ընթանում և խնդրեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը: ՊՆ ներկայացուցիչն հավաստիացրեց, որ պաշտոնապես ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները:
«Ոչ հաջողություններից պետք է ծայրահեղ ոգևորություն ապրել և ոչ էլ դժվարությունների ժամանակ պետք է մտածել, որ վիճակն անելանելի է»,-հորդորեց Հովհաննիսյանը և շեշտեց, որ հայկական զինված ուժերը և զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, մարտունակ է, բարձր բարոյական ոգի ունի:
Խոստման համաձայն, Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմաճակատի ինտերակտիվ քարտեզը և շեշտեց, որ այն ստատիկ չէ, քանի որ մարտական գործողություններն օջախային են և արագ են փոփոխվում:
Նրա խոսքով, շատ տեղեր կարող են հայտնվել փոքր հետախուզադիվերսիոն խմբեր, կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ՝ զրահատեխնիակյով կամ փոքր թեթև տեխնիկայով, որը կկարողանա առաջ գնալ, և այն անմիջապես Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներկայացվի հաղթանակ, բայց հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ կշպրտվի:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմն առաջինը դադարեցնի՝ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց. «Որևէ զարմանալու բան չեմ տեսնում, որ հերթական անգամ սլաքներն ուղղում է մեր ուղղությամբ»:
Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմը մի քանի անգամ հայկական զինուժի հագուստով է հարձակում գործել, նրանցից կան սպանվածները, բայց ավելին չի կարող ասել, քանի որ այն ռազմական գաղտնիք է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան