Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի մասն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդական շարժման միություն» գործող եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:
Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով եւ հայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ ներկայացնելու ագրեսորին, որը հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:
Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը հայտնել է, որ պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով խորհրդարանի օրակարգի ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,- ընդգծել է Գիյոմ Կասբարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությանը
- Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
- Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել