ԼՂ ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, ինչի մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշվում է, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս դժվար պահին մեր երկիր այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար: «Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր բարեկամ Ֆրանսիայում գործունեություն ծավալելիս: Նաև ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության վերաբերյալ, ով առաջին միջազգային առաջնորդն էր, ով այս իրավիճակի մասին խոսեց ճշմարտության լեզվով՝ հստակ արձանագրելով, որ Ղարաբաղի դեմ ծավալված պատերազմում ներգրավված են վարձկաններ Սիրիայից և որ այս պատերազմի հիմնական հրձիքը Թուրքիան է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի հետ գտնվում է մշտական կապի մեջ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնագծում այն շարունակում է մնալ լարված: «Ըստ էության, Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը՝ բերելով ամենատարբեր պատճառաբանություններ: Մեծ հաշվով, իրավիճակը հետևյալն է. այն կոմպրոմիսը, որը Հայաստանի համար ընդունելի է լինում, նույն պահից Ադրբեջանի համար այն դառնում է անընդունելի: Սա նորություն չէ, և այս իրավիճակը մենք տեսել ենք բանակցային գործընթացում բավականին երկար ժամանակ: Կարող եմ բերել 2011 թվականի օրինակը, որպեսզի պարզ լինի, որ սա նոր ձեռագիր չէ:
2011-ին, երբ կար հայտնի կազանյան պրոցեսը, Հայաստանի Հանրապետությունը գնացել էր որոշակի փոխզիջումային տարբերակի և կար կարգավորման համաձայնեցված տեքստ, բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել այն՝ ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր նրբություն է:
Վարչապետի խոսքով՝ ողջ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով, ինչը հասկանալի է:
«Փոխզիջում նշանակում է, որ կողմերը պետք է որոշակի ճկունություն ցուցաբերեն իրենց նախնական նշաձողերից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը որոշակի նշաձողի իր բաժին զիջումն անում է՝ հաջորդ պահին արդեն այդ իրավիճակը սկսում է ընդունելի չլինել Ադրբեջանի համար և նա ավելին է պահանջում: Հենց այս միտումն ու գործընթացն է, որ բերել է պատերազմի: Պատերազմի ընթացքում էլ այդ նույնն է տեղի ունենում, սկսած Մոսկվայի հայտարարությունից: Նաև նախագահ Մակրոնի միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն և Ադրբեջանը շարունակաբար ու հետևողական խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ էլ շատ մեծ է և վճռական Թուրքիայի դերը, որովհետև ամեն անգամ երբ հրադադարի մասին քննարկումներ են գնում՝ Թուրքիայից արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով լսում ենք հայտարարություն, որ իրենց կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը