Ավստրիական ընկերությունը դադարեցրել է թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերում օգտագործվող շարժիչների առաքումը
Կանադական ու ավստրիական ընկերությունները դադարեցնում են ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող ինքնաթիռների շարժիչների առաքումը։ Կանադական Bombardier Recreational Products-ը (BRP) հայտարարել է, որ դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ» այն լուրերի ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ այդ շարժիչներից մի քանիսը օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում: Այս մասին գրում է կանադական CBC-ն։
Նշվում է, որ Քվեբեկում տեղակայված ընկերությունը, որն առավել հայտնի է իր Ski-Doo և Lynx ձնագնացներով, հայտնել է՝ նախորդ շաբաթ են իմացել, որ իրենց ենթակայության ավստրիական Rotax ընկերության ռեկրեացիոն ինքնաթիռների շարժիչներն օգտագործվում են թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերում։
«Մենք վերջերս տեղեկացանք, որ Rotax-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել։ Միևնույն ժամանակ մենք դադարեցնում ենք օդանավերի շարժիչների առաքումը անհասկանալի օգտագործման երկրներ», - ասվում է BPR-ի ավագ փոխնախագահ և ընկերության խոսնակ Մարտին Լանգելյերի հայտարարության մեջ։
Լանգելյերը նշել է, որ Rotax-ի ինքնաթիռների բոլոր շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում՝ բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:
Նշենք, որ Կանադան կասեցրել է պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման մեծ մասը Թուրքիա 2019-ի հոկտեմբերից՝ Սիրիայի հյուսիս-արևմուտք թուրքական ներխուժումից հետո:
Կայքում ասվում է, որ թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի վրա հայտնված BRP ռեկրեացիոն օդանավերի շարժիչների հարցը բացահայտում է զենքի վերահսկման միջազգային ռեժիմների լուրջ թերությունը:
Հիշեցնենք, որ Կանադայի կողմից դադարեցվել է նաև Բայրաքթարների վրա օգտագործվող WESCAM օպտիկական սենսորների և թիրախային համակարգերի արտահանման թույլտվություններն այն բանից հետո, երբ դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվեցին Լեռնային Ղարաբաղում։ Ամերիկյան Viasat ընկերությունն էլ վստահեցրել է, որ դադարեցնում է մատակարարումները Թուրքիա, որի արտադրանքները ևս օգտագործվում են Բայրաքթար ԱԹՍ-ներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին