Կարմիր Խաչի գրասենյակները հրադադարից հետո աշխատանքի անցնելու համար ավելացրել են ներքին ռեսուրսները
Ռազմագերիների հետ շփումների, հրադադարից հետո հնարավոր աշխատանքների մասին Panorama.am-ը զրուցել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ։
Panorama.am-Այսօր՝ հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 08։00-ին հումանիտար հրադադարն ուժի մեջ է մտել։ Ռազմաճակատի որևէ հատվածում դրանից հետո իրականցվո՞ւմ է զոհված զինծառայողների մարմինների դուրս բերում։
Զառա Ամատունի-Որևէ նման գործունեության մասին չեմ կարող որևէ բան ասել այս պահին։
Panorama.am-Պատերազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս քանի՞ հայ ռազմագերիների հարազատներ են դիմել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ։
Զառա Ամատունի-Նաև դա չեմ կարող ասել, մենք մեր ունեցած տեղեկությունները կիսում ենք ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ, դրանք ենթակա չեն հրապարակման։
Panorama.am-Հարցը անհատական տվյալների տրամադրմանը չի վերաբերում։
Զառա Ամատունի-Թիվն էլ չենք տալիս։
Panorama.am- Բացի գերեվարված Արեգ Սարգսյանից և Նարեկ Ամիրջանյանից, այլ ռազմագերիներ իրենց հարազատների հետ շփումներ, հեռախոսազրույցներ ունեցե՞լ են։
Զառա Ամատունի-Այն բոլոր ընտանիքները, որ դիմել են մեզ, իրենք հետ շփման մեջ ենք։
Panorama.am-Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները, բացի երեք հայ ռազմագերիներից, այլ ռազմագերիների այցելե՞լ են։
Զառա Ամատունի-Որևէ այլ այցելություններ ես չեմ կարող հաստատել, դուք կարող եք գրել նաև տիկնոջ մասին, նրան էլ ենք այցելել (խոսքն Ազնիվ Բաղդասարյանի մասին է-խմբ.):
Panorama.am-Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստ է միակողմանի կերպով Հայաստանին հանձնել մահացած զինծառայողների մարմինները։ Իսկապե՞ս նման առաջարկ եղել է Ադրբեջանի կողմից։
Զառա Ամատունի-Տեսեք, տարբեր առաջարկներ ու տարբերակներ քննարկվում են կողմերի հետ, իհարկե, կողմի որոշումն է հրապարակել մեկի կամ մյուսի տարբերակը, էլի պետք է ասեմ, որ հաստատել չեմ կարող այդ։ Ես կարող եմ ուղղակի ասել, որ այո, առաջարկներ լինում են, միայն վերջնական համաձայնության գալուն պես մենք կարող ենք ասել, որ սա է տարբերակը, որին մենք մասնակցում ենք կամ աջակցում։
Panorama.am-Ռազմագերիների փոխանակման մասին առաջարկներ եղե՞լ են։
Զառա Ամատունի-Ես չեմ կարող մեր քննարկումների բովանդակությունը ներկայացնել,դրանք, իհարկե, ուղղված են մարդասիրական գործողություններ կատարելուն, բայց իհարկե այստեղ միակ անհրաժեշտությունն այն է, որ պահպանվի հրադադարը և լինի ապահովություն ու ապահովության երաշխիք թիմերի համար, որոնք կաշխատեն երկու կողմերում։
Panorama.am-Այս պահին չկա՞ այդ երաշխիքը։
Զառա Ամատունի-Այս պահին գործողությունները սկսելու առումով առաջընթաց չկա։
Panorama.am-Գրասենյակին կողմերը փոխանցե՞լ են տվյալներ զոհված զինծառայողների՝ մարտի դաշտից դուրս չբերված մարմինների թվի մասին։
Զառա Ամատունի-Որևէ տվյալով այս պահին կիսվել չենք կարող, ցավոք սրտի։ Ընթանում են քննարկումներ։
Panorama.am-Գրասենյակն ունի՞ տվյալներ, թե Հայաստանում ու Ադրբեջանում այս պահին քանի ռազմագերիներ ու գերիներ կան։
Զառա Ամատունի-Հստակ տվյալներ չունենք, մենք հավաքագրում ենք տվյալները ու դիմում ենք զուգահեռաբեր կողմերին, խնդրում ենք՝ սեպտեմբերի 27-ից ի վեր տրամադրեք բոլոր անձանց տվյալները, որպեսզի մենք կարողանանք այցելել նրանց՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների, որոնք կողմերը ստանձնել են։
Panorama.am-Անհայտ կորածների մասին ինֆորմացիա ունե՞ք։
Զառա Ամատունի-Մեզ մոտենում են այն անձանց հարազատները, որոնցից երկար ժամանակ տեղեկություններ չունեն, չեն կարողանում գտնել։ Մենք գրանցում ենք, փորձում ենք տեղեկություններ ստանալ, ճշտումներ անել, դա ընթացք է, ցավոք, բարդ ընթացք է՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողություններ են ընթանում, ու դժվար է հստակ տեղեկություններ ստանալ։ Մենք գրանցում են այդ անձանց տվյալները, որպեսզի հետագայում կարողանանք իշխանությունների հետ ճշտումներ անել։ Գիտեք, այս պահին անհայտ կորածը կարող է հայտնվել կամ կարող է լուր գալ իր մասին։ Այս պահին մենք շատացնում ենք մեր ներքին ռեսուրսները, որոնք թույլ կտան աշխատել արդյունավետ։
Panorama.am-Կարմիր Խաչի գրասենյակն այս պահին ներկայացուցիչներ ունի՞ Արցախում։ Եթե ապահովության երաշխիքներ տրվեն, անմիջապե՞ս են ձեռնամուխ լինելու հումանիտար աշխատանքներին։
Զառա Ամատունի-1992 թվականից Կարմիր Խաչն ունի առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ մենք ունենք թիմ շփման գծի մյուս կողմում՝ Արբեջանի Բարդա քաղաքում, ինչը թույլ է տալիս համաձայնությունը ձեռք բերելուն պես բավականին արագ անցնել աշխատանքի։ Ներգրավված կողմերի համաձայնությունը պետք է լինի շփման գծի երկու կողմից էլ, որպեսզի մենք ՝ որպես գործողության մասնակիցներ լինենք ապահով, անվտանգ, որպեսզի այդ գործողությունը չխաթարվի, որն իհարկե շատ կարևոր է ու պետք էր շատ վաղուց կատարվեր։ Մեր առկա թիմերին միացել են նաև մ փորձագետներ, որոնք կաշխատեն նաև հետագա ամիսներին ինչպես մեր ներկայացուցիչների, այնպես էլ բնակչության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին
- Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
- Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին
- Հայկական ԶՈՒ երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են. Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան