Պատերազմական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության դեպքեր են գրանցվել. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության և լրտեսության, զինծառայողների շրջանուն կեղծ և ստահոդ լուրերի տարածման դեպքեր։ Ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Նա նշեց, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքով մասնավորապես Ազգային անվտանգության կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին։
Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, զինտեխնիկայի, տրանսպորտային շարժի, նաև այլ բնույթի տեղեկություններ։
«Երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով, գտնվում են նախաքննության փուլում»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Արմեն Աբազյանն ասաց, որ այս պահին ունեն երկու մեղադրյալ՝ մեկ դավաճանության, մեկ լրտեսության գործով։ Ի սկզբանե եղել է հենց երկու։
Հարցին՝ արդյո՞ք տվյալ անձի փոխանցած տեղեկություններն ազդել են սեպտեմբերի 27-ից սկսված գործողությունների վրա, նա նշեց, որ տվյալ անձը ՀՀ ԶՈւ և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների վերաբերյալ հավաքել է գաղտնիք պարունակող տեղեկություններ, պարբերաբար փոխանցել հակառակորդին։ Ըստ նրա, դրանք չեն ազդել այդ գործողությունների վրա. «Կան ինֆորմացիաներ, որոնք հակառակորդը օգտագործել է, բայց ամբողջական առումով ոչ։
Ա. Աբազյանը հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն սեպտեմբերի 27-ից հետո Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ, ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանություների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Հարցին՝ սահմանային դիրքերը թողնելու կոչերի հետ կապված գործով՝ արդյո՞ք պարզվել է, թե որտեղից է եղել պատվերը, պատվիրատու ունեցե՞լ է այդ ինֆորմացիա տարածողը, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ որևէ մեկի կողմից պատվեր չի եղել, պատվերով չի իրականացրել, իր նախաձեռնությամբ է տարածել այդ ապատեղեկատվությունը, որևէ համակարգող չի եղել։
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացել ենք 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։
ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվական-վերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները։ Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ։
Նա նշեց, որ ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրված են տասից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբավորումների բացահայտումը ՀՀ-ում։ Այս շրջանակներում նաև արձանագրվել ու բացահայտվել են ՀՀ զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, իրականացվել են համապատասխան աշխատանքներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ ընկճող հրապարակումներ կատարելուց
- Ստահոդ լուրեր տարածողը կապի դասակի հրամանատարի տեղակալ է, նա ձերբակալվել է․ ԱԱԾ
- ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանություն կատարելու դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան