Ադրբեջանի էժանագին սադրանքը հաստատում է, որ վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի․ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:
Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:
Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:
Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին