ԿԲ նախագահը գնահատել է պատերազմի ու կորոնավիրուսի տարածման տնտեսական ազդեցությունը
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկն արձանագրել է 0.2 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս։ Նման տվյալներ ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
ԿԲ նախագահի խոսքով, չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում գրանցված որոշակի դրական զարգացումներին, գնահատվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի նոր թափով տարածման ու դրանից ածանցվող բարձր անորոշությունների պայմաններում համաշխարհային պահանջարկի ու տնտեսական ակտիվության վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի։
«Միևնույն ժամանակ ապրանքահումքային շուկաներում պահպանվում է թույլ գնաճային միջավայր։ Նման իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների Կենտրոնական բանկերը շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն»,- ասաց նա։
ԿԲ նախագահի խոսքով, երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5 տոկոս նվազում։
«Դա հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։ Չնայած հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը, ներքին պահանջարակը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել»,- ասաց նա։
Մարտին Գալստյանը նշեց, որ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լանամասշտաբ հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի բարձր տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե առաջարկի, թե պահանջարկի զարգացումների տեսանկյունից։
«Տնտեսական աճի տեսանկյունից նշված գործոնների ազդեցությունը գնահատվում է 1 տոկոս։ Մասնավորապես, տնտեսական ակմանը, որ մենք նախատեսել էինք սեպտեմբերին, պետք է բացասական նշանով գումարել ևս մեկ տոկոս։ Այսինքն, մեր կանխատեսումների համաձայն շուջ 7 տոկոս»,- ասաց ԿԲ նախագահ։