Հարություն Թոփիկյանի խորհրդանշական հրաժեշտի արարողությունը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի խորհրդանշական հրաժեշտի արարողությունն է։ Հիշատակի խնկարկման և խոնարհումի այս արարողությանը կարելի է հետևել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ, քանի որ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ գործում են հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների սահմանափակումներ։
Մաեստրո Հարություն Թոփիկյանը մահացել է հոկտեմբերի 26-ին։
Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թվականին հայրենադարձ ուսուցիչների ընտանիքում։ 1967-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ. Քեթենջյանի դասարանում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ. Չունգուրյանի դասարանում։ 1974 թվականին աշխատել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցում:
Դիրիժորի խմբավարական գործունեությունն սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: 1982թ. Թոփիկյանն արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի: 1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած U V E N T U S հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերից, «Կոմիտասը» գրավել է առաջին տեղը: 1989-1991թթ. Թոփիկյանը եղել է BRIDGES OF SONG միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած BRIDGES OF SONG TALLINN’91 փառատոնին արժանացել է 20000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»: 1991-1994թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի զարգացման նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:
Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ վ արչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու Ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի: 2013թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա