Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հայերի դեմ իրականացվող ցեղասպանության վերջնական փուլն է. Ենգիբարյան
«Վերջին տասնամյակներին մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, և դա հիմնավորում ենք այն կոնտեքստում, որ այն պետք է հետագա ցեղասպանությունների համար դառնար կանխարգելիչ գործոն։ Երբ տարիներ շարունակ Բաքվում, Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցած բարբարոսությունները նույնականացնում էինք ցեղասպանության հետ, դա նույնպես ապացուցում էր հանգամանքը, որ Արցախը պետք է օգտվի միջազգային իրավունքով շնորհված «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքից»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
Նրա խոսքով, այսօր մենք ունենք իրավիճակ, երբ փաստորեն, Հայոց ցեղասպանության մասին մեր պնդումները կանխարգելիչ դեր չեն ունեցել։
Պատգամավորը մեջբերեց հանրահայտ «Genocide Watch» համաշխարհային կազմակերպության հայտարարությունը, որը Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները որակում է որպես ցեղասպանության 9-10-րդ փուլ, այն է՝ բնաջնջում և ժխտում։
«Ըստ հրապարակման, ցեղասպանությունը որպես երկարատև գործընթաց կազմված է տասը փուլից՝ դասակարգում, նշանավորում, ապամարդկայնացում, խտրականություն, կազմակերպում, բևեռացում, նախապատրաստում, հետապնդում, ոչնչացում և ժխտում։ Դատելով «Genocide Watch»-ի գնահատականներից՝ այն ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, դիտարկվում է որպես հայերի դեմ իրականացվող ցեղասպանության վերջնական փուլ։ Այս կոնտեքստում բնավ պատահական չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջբերումը Սումգայիթի և Արցախի տարածքում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ, և ԱՄՆ նախագահի կողմից Կոսովոյի մասին հիշատակումը։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին։
Ես կարծում եմ, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որ բոլոր պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դրանով արձանագրել են Հայոց ցեղասպանության կանխարգելման մասին մեր թեզերը, պետք է առաջնահերթ ճանաչեն Արցախի անկախությունը, ճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը, և միանան մարդկության դեմ հանցագործության կանխարգելմանը։ Դա մարդկության դեմ հանցագործության կանխարգելում է»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է. Տիգրան Ձիթողցյան
- Մենք արդեն պետք է առաջ բերենք Ադրբեջանի կողմից հայոց ցեղասպանության հարցը. պատմաբան
- Genocide Watch-ը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ աստիճան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան