Ակնկալվում է հիմնանորոգել 555 կմ փողոցային ջրագիծ և 36.5 կմ կոյուղագիծ. Տերտերյան
«Առաջարկում ենք երկարացնել գործունեության ժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30»,- խորհրդարանում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Հայաստանի և վերականգնման վարկերի բանկերի միջև համաձայնագրի ժամկետի երկարաձգման մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, ծրագիրը վերաբերում է 11 քաղաքների և 41 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքներին, և 560 գյուղական բնակավայրերից ընտրված մի շարք բնակավայրերում կենտրոնացված կամ ավելի ճիշտ ամբողջական ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող ծրագրին։ Այս ծրագրի շրջանակում, նախնական գնահատմամբ, ակնկալվում է հիմնանորոգել 555 կմ փողոցային ջրագիծ և 36.5 կմ կոյուղագիծ, ինչպես նաև տեղադրել 27 հազար անհատական ջրաչափական հորեր։
«Այս համաձայնագրի հաստատման դեպքում մենք բոլոր հնարավորություններն ունենք այս ծավալուն աշխատանքներն իրականացնելու համար։ Նախագծային ու նախապատրաստական բավական աշխատանքներ են իրականացվել»,- ներկայացրեց ՏԿԵ փոխնախարարը։
Նրա ուղղված հարցեր չկային։