Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար թե Ադրբեջանը մտածեր, որ կարող է պատերազմ սկսել. Արամ Սարգսյան
ԱԺ այգում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ մոմավառություն է, որին մասնակցում են ոճրագործության զոհերի հարազատները և տասնյակ քաղաքացիներ։
«Այդ ոճրագործությունը տեղի է ունեցել Ղարաբաղի հարցի պատճառով»,- մոմավառությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոճրագործության զոհ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար թե Ադրբեջանը մտածեր, որ կարող է մի օր քնից արթնանալ ու պատերազմ սկսել, կամ գոնե երկար կմտածեր՝ նման քայլ անելուց առաջ։
Ըստ նրա, ակնհայտ էր, որ Հայաստանը ոտքի է կանգնում, ուժ է հավաքում, այլ հզորությունների, այլ ժամանակների բանակ է ունենալու։
«Հավանաբար նաև մեր այդ մեղքի համար է, որ պատերազմը չի վերջանում։ Աստծո առաջ մեղք ենք գործել՝ ինքներս մեր հանդեպ, դրա համար այս պատերազմը չի վերջանում։ Այդ խնդրում գոնե այս անգամ պետք է կարողանանք վերջակետ դնել։ Անընդհատ թողնելը հաջորդ սերնդին, ճիշտ միջոց չէ»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ արդեն պատերազմի 31-րդ օրն է, հումանիտար հրադադարն արդեն երրորդ անգամ չի պահպանվում, ի՞նչ սպասել, թե պարբերաբար չի պահպանվում հումանիտար հրադադարը, Արամ Սարգսյանն արձագանքեց՝ վարչապետը երեկվա իր ելույթում ամեն ինչ ասել է, հողն ու հայրենիքը պատշպանել է պետք, և յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ ինչպես պաշտպանել հայրենիքը.
«Ինչքան ես եմ հասկանում, իսկապես, պատերազմը արդեն որոշակի ժամանակ է տևելու, և պետք է արդեն սովորել պատերազմի պայմաններում ապրելուն, պետք է համապատասխան կառույցներ ձևավորել այդ ընթացքի համար։ Դիմացը ձմեռ է։ Պետք չէ հուսահատվել, մենք առաջնագծում խիզախաբար կռվող զինվորներ ունենք, պիտի ռազմադաշտ գնան նրանք, ովքեր հավատում են հաղթանակին, ովքեր պատրաստ են կռվելու։ Ոչ թե ինչ-ինչ պատճառներով, որ ստիպված հասնեն էնտեղ, ապա հետ գան։ Դա ավելի վատ հետևանքներ է ունենում։ Թիկունքում անելիք ունեցող, կարևոր գործ անող մարդիկ այստեղ պետք է մնան, պետք է իրենց գործն անեն։ Չպետք է թևերը ծալել նստել, պետք է հարգել զոհերի հիշատակը ու այս նեղ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Պետք է լցվել հավատով, Աստված մեզ հետ է»։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ ժողովուրդը ցավոտ զիջումների պատրաստ է՝ Արամ Սարսգյանն ասաց՝ իր կարծիքով մեր բոլոր իշխանություններն էլ խնդիրը դրել են փոխզիջումների մեջ։
«Ուղղակի, ամեն անգամ, երբ եղել է այդ փոխզիջումը, Ադրբեջանը եկել է, և մի քիչ ավելին է ուզել։ Ու հիմա ինքն ուզում է՝ կա՛մ ամբողջը, կա՛մ ոչինչ։ Վարչապետի ասածը դա է։ Ինքն ասում էր, որ պատրաստ է պատերազմը կանգնեցնելու, բայց Ալիևն ամբողջն է ուզում։ Ինչ վերաբերում է, թե ինչ չափի փոխզիջումների մասին է խոսքը, ապա դա իմանալու համար պետք է բանակցությունների մեջ լինես, հասկանաս՝ ինչ են ասում, ինչ առաջարկություններ կան, ինչ նրբություններ ունեն։ Սատանան նրբությունների մեջ է, և ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության դեպքեր են գրանցվել. ԱԱԾ տնօրենի տեղակալ
- Սոցցանցերի ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան