Այդ 8 ղեկավարները հենց այսօր էին պետք՝ պատերազմի ժամանակ. Արմենակ Արմենակյանի այրի
ԱԺ այգում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ մոմավառություն է, որին մասնակցում են ոճրագործության զոհերի հարազատները և տասնյակ քաղաքացիներ։
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք կարծես այդ բոթին տեղեկանալու առաջին օր: Այն ցնցեց բոլորիս ընտանիքները: Դա մեծ ահաբեկչություն, ոճրագործություն էր, որը մեր պատմության մեջ գրվեց որպես ամոթալի էջ սև տառերով»,- միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ի զոհերից Արմենակ Արմենակյանի կինը:
Նա հիշեց արցախյան առաջին պատերազմի տարիները, երբ Արմենակ Արմենակյանը «Տիգրան մեծ» ջոկատով կարողացավ հաղթահարել այդ դժվարին տարիները և բոլորի հետ հաղթանակով վերադարձավ։
«Ցավոք սրտի, մի քանի ստահակների ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ, որբացավ 8 ընտանիք: Մինչև հիմա առեղծված է Արմենակ Արմենակյանի սպանության վարկածը: Արմենակը չէր կարող միջանցքում հանգիստ նստել՝ լսելով կրակոցներ: Կա վարկած, որ ինքը այդտեղ չի եղել, եղել է ճաշարանում, բայց այդ 5 հոգուց եղել են այլ մարդիկ, որոնք գուցե վախից դրդված, որ Արմենակ Արմենակյանը տեսել է իրենց, և կուլ չէր տա, վրեժխնդիր կլիներ, վախից նրան սպանել են: Գուցե ինքը ծրագրի մեջ չի եղել»,- նշեց Արմենակյանի այրին։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի շուրջ վարկածներին, կինն ասաց, որ իրենց փաստաբանների կողմից անընդհատ հնչեցվել է այն վարկածը, որ միայն իրենք չէին, իրենց պետք չէր դա:
«Մեզ էլ է հուզում այդ հարցը և մենք դիմել ենք նոր կառավարությանը, որպեսզի բացահայտվի, վերաբացվի այդ գործը և, ի վերջո, մենք կարողանանք հասկանալ, թե ովքեր էին կանգնած նրանց թիկունքում: Կառավարությունից ասել են՝ համբերեք, սպասեք: Ինչպես են կարողացել այդքան զենք-զինամթերք մտնցել Ազգային ժողով, ինչպես են իրենք անարգել մտել: Այդ ամենը առեղծված է: Առավելևս Արմենակ Արմենակյանի սպանությունն առեղծված է: Ես ակնկալում եմ, որ նոր կառավարությունը…, գուցե այս ռազմական դրությունն անցնի, միգուցե մենք կանանցով նորից դիմենք մեր ղեկավարությանը: Գուցե մի բան փոխվի: Ես մտածում եմ, որ այդ 8 ղեկավարները հենց այսօր էին պետք՝ պատերազմի ժամանակ, որովհետև նրանք թրծված էին պատերազմական թոհուբոհում»,- եզրափակեց խոսքը Արմենակ Արմենակյանի կինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան