Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու․ Փաշինյան
«Սիրելի՛ ժողովուրդ, հպարտ հայություն, արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հայ ժողովրդին։
Նրա խոսքով, Արցախի բանակի և խաղաղ բնակիչների վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։ Հակառակորդը հարձակվել է տանկերով, ուղղաթիռներով, ինքնաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։
«Մեկ ամիս առաջ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ։ Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է։ Եվ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ։ Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս․ Արցախը կանգուն է մնալու։ Որովհետև մեր ոգին կանգուն է, մեր կամքն անսասան։ Պատերազմը մտել է մի փուլ, և դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրույժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլուզիաները»,- նշեց վարչապետը։
Նա վստահեցրեց, որ թշնամին ամեն օր, ամեն վայրկյան սպասում է Արցախի անկման իր վերջնական և անշրջելի հաղթանակի լուրին։ Սակայն, վարչապետի խոսքով, Ադրբեջանի հանրությունն այդ լուրը չի ստանալու, և այդ լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները։
«Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սմ-ի և ամեն միլիմետրի համար։ Եվ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց «Վարձկանների հավաքագրման..., և ֆինանսավորման դեմ» միջազգային կոնվենցիան
- Բերձորում կան ավերածություններ․ Արցախի ԱԻՊԾ