Պն ներկայացուցիչ. Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի խաղաղ բնակավայրերի բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ»,- տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով առաջնագծում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով, Արցախի հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունները եղել են համեմատաբար թեթև լարվածության։ Մի քանի գյուղերի ուղղությամբ շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։
«Հիմնականում բնակավայրերին մոտ անտառներում են, որպես կանոն թեթև խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթև սպառազինություն։ Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, փորձում են այլ ուղղություններ զարգացնել։ Այս առումով գրեթե 24 ժամ մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»,- մանրամասնեց նա։
Ա. Հովհաննիսյանն ասաց, ադրբեջանական ուժերի առաջխաղացումն այս պահին ունի հետևյալ տեսքը։
«Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում կատարել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ Հայաստանի սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, հաջողության չեն հասել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դաշտավայրերում հաջողության հասնելուց հետո ադրբեջանական զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական հրոսակախմբերի անդամներն ու այլոք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային բարդ տեղանքում, սակայն այնքան էլ հեշտ չի հաջողվում։
Ըստ նրա, մարտավարական առումով ընթանում է դժվար ու բարդ պայքար։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորում կան ավերածություններ․ Արցախի ԱԻՊԾ
- Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ
- ՊՆ. Հայաստանի հարավում կան վիրավորներ