Հայաստանը ՎԶԵԲ-ից ևս 17 մլն եվրո վարկ կվերցնի
«Առաջարկվում է շարունակել տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը»,- խորհրդարանում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, վերջին ծրագիրը, որ մինչ այժմ կայացել է, ուներ երեսուն մլն դոլարի արժեք, և իրականացված ծրագրի շրջանակում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական կազմակերպություններ, կառուցվել են համայնքային կենտրոններ։
Ըստ Տերտերյանի, առաջարկվող նախագծով Հայաստանը լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում ստանալ, որը կկազմի շուրջ 17 մլն եվրո։
«Առաջին բաղադրիչը կլինի օժանդակություն սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների զարգացմանը՝ տեղական մակարդակում. այն կկազմի 6.2 մլն եվրո, որից՝ 4.5 մլն-ը՝ վարկ։ Երկրորդ բաղադրիչը կլինի 16.7 մլն եվրո, որից 12.2 մլն եվրոն նորից վարկ։ Երկրորդ բաղադիչը միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին ուղղված կլինի։ Եվ երրորդ՝ ավելի փոքր բաղադիչը, որը կլինի 0.9 մլն եվրո վարկային ռեսուրս, կկազմի 2.5 մլն եվրո»,- ներկայացրեց նա։
Զեկուցողին ուղղված հարցեր չկային։