Հայաստանը երկու կողմից կապված կլինի իրանական և վրաց-ռուսական էներգետիկ համակարգի հետ. Հակոբ Վարդանյան
«Ծրագիրը կապահովի զուգահեռ աշխատանք նաև Վրաստանի ու Ռուսաստանի հետ և Հայաստանը երկու կողմից կապված կլինի իրանական և վրաց-ռուսական համակարգերին՝ ապահովելով հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքը»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ ներկայացնելով ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված վարկային ծրագիրը:
Փոխնախարարը նկատեց, որ վավերացման ներկայացված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններե վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում է վարկային մասհանումների ժամկետը ավելացնել ևս 5 տարով և դրա շրջանակներում կառուցել 420 կՎ հզորությամբ Դդմաշենի ենթակայան: Ծրագրի շրջանակներոմ կմիացվի հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով՝ վերջանական հզորությունը հասցվելով 1050 ՄՎտ:
Հակոբ Վարդանյանը նաև հայտնեց, որ բացի այդ Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում 2025 թվականից ընդհանուր էներգետիկ շուկայի մաս կազմելու պարտավորություն ունի, որն առանց փոխակերպիչ կայանի հնարավոր չէ:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում Դդմաշենի ենթակառուցվածքի կառուցումը խիստ փոխկապակցված է Իրան-Հայաստան 400 կՎ լարման 3-րդ գծի կառուցման հետ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ, քանի որ երբ 2017 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել կասեցնել այդ վարկային ծրագիրը, հիմնական հիմնավորումը՝ հետ գնման առումով դրա անարդյունավետությունն էր և առաջարկել էր անդրադառնալ նրան միայն տեխնիկական այլ լուծումներ գտնելու պայմաններում: Ըստ պատգամավորի, այն չի արվել, հետևաբար նպատակահարմար չէ այս փուլում ծանրաբեռնել Հայաստանի արտաքին պարտքը:
Փոխնախարար Հակոբ Վարդանյանը նկատեց, որ ծրագրով նախատեսվում է կառուցել աշխարհի ամենամեծ փոխակերպիչ կայաններից մեկը, որն ընդգրկելու է 64 հեկտար տարածք: Վերջինս պնդեց, որ կառավարությունը ծրագիրը չի կարող հետաձգել, ցանկացած հետաձգում պետության համար լրացուցիչ պարտավորություններ կառաջացնի:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացման նպատակով կնքվել են` KfW բանկի հետ 2014թ. դեկտեմբերի 9-ին 75 մլն և 10,2 մլն եվրոյի և 2015թ. դեկտեմբերի 11-ին 83 մլն եվրոյի վարկային, 2016թ. մայիսի 30-ին 10 մլն եվրոյի դրամաշնորհային (Եվրամիության Հանձնաժողովի Հարևանության Ներդրումային Գործիքի (NIF) շրջանակներում) և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ 2015թ. մարտի 16-ին 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր:
Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից: