Նախատեսվում է կառավարության պարտքը ավելացնել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը. Արկադի Խաչատրյան
«Միայն ես եմ անձնաժողովում վերապահում ունեցել այս նախագծի հարցում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։
Նա նշեց, որ 2017 թվականին որոշում է կայացվել այս ծրագիրը կասեցնելու համար՝ այն ոչ նպատակահարմար և հետգնման առումով խնդրահարույց համարելու հիմնավորմամբ, և պետական պարտքի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու նպատակով: Առաջարկ է եղել, որ այդ հարցին անդրադարձ լինի նոր տեխնիկական լուծումներ գտնելու, ծախսերը օպտիմալացնելու արդյունքում, որը կբերեր նրան, որ ծրագիրը հետգնման առումով արդյունավետ կդառնար, իսկ այս պահին համաձայնագրի հիմնավորման մեջ նշված է, որ այն ներկայացվում է նախին համաձայնագրի տեխնիկական լուծումներով:
«Այս տարվա պետական բյուջեի վերանայված ցուցանիշների համաձայն՝ նախատեսվում է կառավարության պարտքը ավելացնել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը: Այսինքն` այս պահին վարկերը պետք է ներգրավվեն, ծախսերը իրականացվեն բացարձակապես ծայրահեղ արդյունավետ ծրագրերի գծով, որոնք խիստ անհրաժեշտ են: Ես կարծում եմ, որ այս համաձայնագրի երկարացումը այս խմբագրմամբ այս պահին նպատակահարմար չէ»,-ասաց նա:
Չնայած և Արկադի Խաչատրյանը կարևորեց ծրագրում Դդմաշենի էլեկտրոցանցի վերակառուցման հարցը: