«Դև ուժը, կամքն ու նվիրումը իր կյանքի մասին պատմող գրքի միջոցով կրկին թող նյութականանան հանուն բաղձալի հաղթանակի»
«Դավիթ Սարապյան «Դև»» ֆեյսբուքյան էջը հայտնում է.
«Գիրքը՝ հայկական ԱԹՍ:
«Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը շարունակում է լեգենդար հերոսի հիշատակը հավերժացնել այս օրերի մեր վճռական պայքարի տրամաբանությամբ: Դավիթի ուժը, կամքն ու նվիրումը իր կյանքի մասին պատմող գրքի և իր իսկ ստեղծած գրականության միջոցով կրկին թող նյութականանան հանուն բաղձալի հաղթանակի:
Պատվիրեք գրքերն օնլայն:
Կամ
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին 12։00-18։00-ն կարող եք մոտենալ Մատենադարանի հարակից տարածք՝ վերցնելու Ձեր գիրքը և հանգանակելու՝ Գյումրու ավիամոդելային խմբակին փոխանցելու համար:
Գրքի ինքնարժեքը՝ 1500 դրամ»:
Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանը՝ Դևը, ծնվել է 1966, փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։
1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Զբաղվել է կինոյով, Գենադի Մելքումյանի մոտ աշխատել է որպես ռեժիսորի ընթերակա:
1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, հետագայում «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների գնդում մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել: Նա զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան