«Փաստ». Հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու հարցում
«Փաստ» թերթը գրում է. «Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր գրոհայինների տեղափոխելով Արցախյան հակամարտության գոտի՝ Թուրքիան Հարավային Կովկասը վերածել է ահաբեկչական նոր օջախի, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։
Քանի որ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության գոտուց ահաբեկիչներին հեռացնելու կոչերից բացի ոչ մի էական քայլերի չի դիմում, Թուրքիան կարծես քարտ բլանշ է ստանում ահաբեկիչներին նաև այլ տեղերում օգտագործելու համար։ Եվ պատահական չէ, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար։
Այսինքն՝ Անկարան մտադիր է ահաբեկիչներին օգտագործել նաև Աթենքի դեմ պայքարում։ Դեռ ավելին՝ Էրդողանը, տեսնելով ԵՄ-ի անվճռական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, այնքան է չափն անցել, որ անցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալուն ու ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին։ Էրդողանի այսպիսի լկտի կեցվածքը պայմաններ է ստեղծում, որ ձևավորվի լուրջ հակաթուրքական կոալիցիա, որի կազմում տեղ կգտնեն ինչպես Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, այնպես էլ Ֆրանսիան, Հայաստանը, Սիրիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ։
Եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ը անվճռական են տրամադրված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդրում, ապա աշխարհագրական տեսանկյունից այսպիսի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու և Անկարային տարածաշրջանում տնտեսապես մեկուսացնելու հարցում, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, որի տնտեսությունը առանց այն էլ ծանր օրեր է ապրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում