Մենք պետք է արաբական շուկան որպես թուրքականի այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք. տնտեսագետ
«Մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք տնտեսական հարաբերություններ, և, եթե նայեք Թուրքիայի արտահանման կառուցվածքը, ապա Հայաստանի դիմաց 0 է։ Այսինքն՝ արտահանումը միջնորդավորված է կատարվում Թուրքիայից՝ Վրաստանի միջոցով։ Թուրքիան ինքը Հայաստանի նկատմամբ կիրառում է խիստ, առանձնացված մոտեցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Թուրքիայից ապրանքներ ներկրելու արգելքին, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
Նրա խոսքով, մենք պաշտոնապես ասում ենք, որ այստեղ Թուրքիայի ապրանքները չեն վաճառվելու, բայց դրանք ներմուծվում են Վրաստանից։ Եվ, ըստ նրա, եթե այստեղ խնդիր առաջանա, ապա կլինի Հայաստան-Վրաստան առևտրային հարաբերություններում, իսկ դա լուծելի է։
«Մենք տարեկան 268 մլն դոլարի թուրքական ապրանք ենք ներկրել, և թուրքական ապրանքների այդպիսի մեծ տարածումը կախված է նրանից, որ տնտեսական նպատակայնության առումով այդ ապրանքները բավականին հաջողված են։ Բայց, թուրքական ապրանք ներմուծելու ընթացքում տեղի են ունեցել կոռուպցիոն դրսևորումներ, որոնցում ներգրավված են եղել նաև տնտեսվարողները՝ ոչ իրենց մեղքով։ Պետական կառույցները այդպիսի մի համակարգ են ստեղծել և դրանով Թուրքիայից ներկրվող ապրանքները լրացուցիչ արտոնություններ են ստացել, և այդ արտոնությունները մեր գործող օրենսդրությունից դուրս են եղել։ Միշտ չինովնիկական ապարատը այդ հանգամանքը օգտագործել է։
Եվ եթե մենք թուրքական ապրանքների ներկրման մաքսազերծման գործընթացները կատարեինք օրենքի շրջանակներում, ապա դրանք այսքան ներկայացված չէին լինի մեր շուկայում։ Վերջին չորս տարիներին տնտեսության առանձին ճյուղերի զարգացման միտումը ցույց է տալիս, որ օրինակ, հայկական տեսքստիլը բավականին լուրջ մրցակից է ոչ միայն թուրքական, այլ նաև չինական ապրանքներին։ Եվ եթե ամեն ինչ արվեր օրենքի շրջանակներում, հավասար տնտեսական պայմաններ ստեղծվեին բոլորի համար, միգուցե շինանյութի արտադրության մեջ մենք այսպիսի կախվածություն չունենայինք»,- ներկայացրեց տնտեսագետը։
Ըստ նրա, նախորդ տարի մենք ունեցել են 268 մլն դոլարի ներմուծում, այս տարվա ութ ամիսների կտրվածքով, դա արդեն 13%-ով կրճատվել է։ Վահագն Խաչատրյանը նշում է՝ պետք է այժմ հստակ հասկակալ՝ ինչ պետք է անել այն տնտեսվարողների հետ, որոնք իրենց բիզնես գործունեությունը կապում էին Թուրքիայի հետ.
«Կառավարության այս որոշումը ես համարում եմ քաղաքական որոշում, քանի որ տնտեսական հիմնավորում առայժմ չկա։ Միգուցե տնտեսական հիմնավորում լիներ, եթե երկու տարի հետո մենք նման խնդիր դնեինք մեր առջև, երբ թուրքական ապրանքների փոխարինողներ գտնեինք տեղական արտադրության մեջ։ Իսկ հիմա, երբ նայում եք կառուցվածքը, տեսնում եք, որ 875 անուն ապրանք է ներմուծվում Թուրքիայից՝ գյուղմթերքից սկսած և վերջացրած արդյունաբերական տարբեր ապրանքներով։ Համարյա ամեն ինչ կա։ Եվ, երբ նայում եք, դրա մեջ մեծ չափաբաժին ունի ցիտրուսը՝ 5 մլն դոլարի։ Բայց սա մեծագույն պրոբլեմը չէ, կան ապրանքատեսակներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, օրինակ՝ շինարարական նյութեր, ինչպես նաև հումք։ Մեր թեթև արդյունաբերության զարգացումը պայմանավորված է հումքով, և մեզ ձեռնտու էր Թուրքիայից ներկրել հումք՝ կտոր, թել»,- ասաց նա։
Տնտեսագետը կարծում է, որ առաջիկա երկու ամիսներին մեր գործարարները լուրջ անելիքներ ունեն, իսկ մեր կառավարությունը պետք է կարողանա տարբեր քայլեր անել ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում։ Նա նկատեց՝ Կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ գործարարները չմնան առանց հումքի։
«Բայց մեզ համար նաև հնարավորություն է բացվում։ Հայաստանից բացի Թուրքիայից արտահանումը դադարեցնում է նաև Սաուդյան Արաբիան, որի հետ ապրանքաշրջանառությունը 3 մլրդ դոլար է կազմում, և որը խստագույնս որոշել է ոչ միայն դադարեցնել թուրքական ապրանքների ներկրումը, այլ նաև փակել բիզնեսը Թուրքիայում։ Եվ սրանից բացի, երկու օր առաջ թիվ հրապարակվեց, որ Սաուդյան Արաբիայից տարեկան 1.5 մլն տուրիստ այցելում է Թուրքիա։ Իրենք համարվում են թանկ տուրիստներ՝ միջին ծախսը 1000 դոլար է կազմում: Այս պայմաններում Սաուդյան Արաբիայի այդ քայլը զգալի ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։ Հիմա մենք կարող ենք մտնել Սաուդյան Արաբիայի շուկա։ Այսինքն՝ մենք պետք է արաբական շուկան որպես այլընտրանքային տարբերակ ուսումնասիրենք։ Այդտեղ մենք անելիք ունենք։ Սա այլընտրանքային տարբերակներից մեկն է, որտեղ մեր արտաքին դիվանագիտական կորպուսն անելիք ունի։ Նույնը ԱՄԷ-ի հետ»,- շեշտեց Վահագն Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում քննարկում են թուրքական ապրանքների սահմանփակումների հարցը
- Ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը Սաուդյան Արաբիա՝ թուրքական ապրանքների բոյկոտի արդյունքում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին