ԱԺ նիստը հետաձգվեց. քվորում չկա
Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը, այն վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Նախքան պատգամավորների գրանցումը վարման կարգով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն հետաքրքրվեց՝ «Իմ քայլը» խմբակցությունում կա՞ նման որոշում, որ պատգամավորները չգան, քվորում չլինի և ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխան այսօր չլինի.
«Եթե կա, ապա կխնդրեմ ասել։ Բայց ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ այլ հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում։ Օրինակ, մեր երկիրը հայտարարել է, որ 90 հազար փախստական կա, կամ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված բազում հարցեր ունենք։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Կառավարությունը այսօր գա հարց ու պատասխանին»։
Արձագանքելով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ վարման կարգով պատասխանեց՝ այս օրերին Կառավարության բոլոր անդամները գերծանրաբեռնված են, և խմբակցությունը որոշել է՝ այս քառօրյայի ընթացքում Կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնել։
«Այո, մեզ մոտ այդ որոշումը կա, բայց միայն այս շաբաթվա համար»,- ասաց նա։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ եթե նման որոշում կա, ապա բոլոր պատգամավորները միասնական պետք է դրա մասին իմանան, քանի որ այսօր ընդհանուր թշնամու դեմ միասնական պայքար է ընթանում.
«Խնդրում եմ, որ նման որոշումների դեպքում նախապես մեզ տեղյակ պահեք, որպեսզի մենք էլ ավելորդ ժամանակ չծախսենք։ Միանում եմ պարոն Մարուքյանի կարծիքին, որ քննարկման հույժ կարևոր խնդիրներ կան»։
Հավելենք, որ քվորում չկա, և ԱԺ նիստը առավելագույնը չորս ժամով հետաձգվում է։ Իսկ քվորում լինելուց հետո հերթական նիստից զատ այսօր լինելու է նաև արտահերթ նիստ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան