Նոր Հարավային Ուելսի նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը
Արդեն մեկ ամիս է՝ աշխարհասփյուռ հայությունը համախմբված պայքարում է Արցախի ճանաչման հարցը առաջ տանելու և աշխարհին պատմելու ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին։ Ավստրալիայի հայերի համառ աշխատանքը ևս հաջող արդյունքներ տվեց։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ երկրի ամենամեծ Նոր Հարավային Ուելսի նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Ռայդ քաղաքն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։
«Կոչեր ենք ուղղել Ավստրալիայի կառավարությանը, որ ճիշտ ձևով արձագանք տա ստեղծված իրավիճակին»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
Անցած շաբաթ Սիդնեյում տեղի է ունեցել մեծամասշտաբ ցույց։ Ակնկալվում էր 500 մասնակցի ներկայություն, սակայն հազարավոր հայեր են միացել ցույցին։
«Կոչս մեր համայնքին միշտ եղել է այն, որ երբ երեկոյան գնաս ու գլուխդ բարձին դնես, դու քեզ հարցրու՝ արդյոք այդ օրը բավականաչափ գործ ես արել հայրենիքի համար։ Սա մեր մարտահրավերն է այսօր, և պետք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Միասին մենք հաղթելու ենք»-ասել է նա։
Ըստ աղբյուրի, մինչև հիմա Արցախին օգնելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքները հավաքել են 2.7 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
- Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
- Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
- Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը
- Վերջապես, 105 տարի անց, Սիրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան