Այսօր այդ ապրելու իրավունքը կերտում են տղաները, ովքեր անգամ չեն հասցրել սիրահարվել. Գայանե Աբրահամյան
«Ացախում տեսել եմ հերոսների անգնահատելի սխրանքներ և նվիրվածություն և դրա կողքին՝ նաև դավաճանների և դասալիքների հանձնվողականության մթնոլորտ»,- Աժ-ում ունեցած ելույթում հայտարարեց Արցախից նոր վերադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Պատգամավորը հայտնեց, այն ինչ այսօր կարևոր է՝ արվում ու կերտվում է Արցախում: Նրա խոսքով, խրամատում հայրենիքի սահմանման և վերասահմանման գործընթացն է գնում:
Նկատելով, որ ավելին չի կարող ասել, քան ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը՝ պատգամավորն ընթերցեց վերջինիս խոսքերը. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»:
Գայանե Աբրահամյանը նկատեց, որ այսօր այդ ապրելու իրավունքը կերտում են տղաները, ովքեր անգամ չեն հասցրել սիրահարվել, բայց կռվում են իրենց սիրելու ու ապրելու իրավունքը ողջ աշխարհին ապացուցելու համար: Նա շեշտեց, որ այդ հաղթանակը կերտում են նաև նրանց մայրերը և ինքը ծնկի է գալիս նրանց հզորության ու համբերության առաջ:
Պատգամավորի համոզմամբ, ասօր հարցեր տալու ժամանակը չէ, դրանք հետո կքննարկվեն, երբ հաղթենք և կասեցնենք թշնամու ցեղասպան նկրտումները:
«Մենք այսօր մեր կռիվն իրավունք չունենք թողնելու սերունդներին: Պետք է հաղթենք և հզորանանք՝ ի հեճյուկս ողջ աշխարհի և հանուն մեր հերոսների, որոնց արյան գնով ենք ապրում, որնց հերոսությանը պետք է արժանի դառնանք: Սա է մեր բոլորիս առաքելությունը և ապրելու իրավունքը»,-խոսքն ավարտեց Գայանե Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան