Թույլ չենք տալու, որպեսզի Թալեաթ փաշայի երազանքն իրականանա. կամավորական
«Պատերազմը շատ դաժան է, սակայն մեր բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց կամավոր, ԵՊՀ ուսանող Միքայել Միքայելյանը:
Նա զինվորագրվել է սեպտեմբերի 29-ին, մեկնել է առաջնագիծ, մասնակցել է հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Կարճ ժամանակով է վերադարձել Երևան, կրկին գնալու է ռազմաճակատ։
«Լինելով պատմաբան՝ քաջ գիտակցում եմ, թե ինչ ողբերգական ավարտ է լինում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Ունենք մեկ հարց, թե ինչո՞ւ 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն է՝ մենք չունեինք պետություն, բանակ, մարտական ոգին։ Թուրքերն իրականացրեցին Հայոց ցեղասանությունը։ 100 տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։
Սակայն այսօր ունենք պետություն, բանակ, մարտական ոգի և հզոր սփյուռք՝ դիմակայելու ենք թշնամուն: Մենք թույլ չենք տալու, որպեսզի Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ թողնել մեկ հայ՝ այն էլ միայն թանգարանում»,- ասաց Միքայելը։
Նա կոչ արեց բոլորին կամավորագրվել ու մեկնել առաջնագիծ:
«Մենք պետք է ավարտին հասցնենք այն պատերազմը, որը մեր հայրերը սկսել են 90-ականներն: Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին: Կամ մենք, կամ նրանք: Ես համոզված եմ, որ երկրորդ տարբերակը չի լինելու, լինելու է մեր հաղթանակը: Մենք ջախջախելու ենք թշնամուն հենց իրենց բների մեջ, թույլ չենք տալու, որ նա մոտենա մեր հայրենիքի սահմաններին։
Մենք հաղթելու ենք այս պատերազմում», - ասաց Միքայել Միքայելյանը: