Աշխատանքի և սոց.հարցերի նախարարությունում զարմացած են Արման Թաթոյանի գրառմամբ
«Մենք անկեղծորեն զարմացած ենք պարոն Թաթոյանի երեկոյան գրառումով, քանի որ խոսքը, որքան հասկացանք, վերաբերում է ոչ թե կոնկրետ դեպքերի, այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությանն ընդհանրապես»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Նա նշեց, այս մասով, իրոք, զարմացած են, որովհետև համագործակցության իմաստով երբևէ խնդիրներ չեն ունեցել ՄԻՊ-ի հետ:
Հարցին, արդյոք փորձե՞լ են ՄԻՊ աշխատակազմից ճշտել հայտարարության պատճառների մասին, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց.
«Բնականաբար, երեկ փորձել ենք կապ հաստատել պարոն Թաթոյանի հետ՝ հասկանալու համար իր գրառման դրդապատճառները և հիմքերը, սակայն նա չի պատասխանել զանգերին: Առավել մարամասն, գուցե, արձագանքենք, երբ պարոն Թաթոյանը բացատրի խնդրի էությունը»:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջել էր գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ: