ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ:
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը:
Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար:
ՀՀ արտգործնախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության շրջանակներում։ Երկուստեք ընգծվել է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և կայուն, վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան