ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն ընդգծել են վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ:
Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:
Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
- Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին