
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Փաշինյանի ցավակցական հեռագիրը՝ Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:
Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»: