«Ժողովուրդ». Անհայտ է՝ խորհրդարանն առաջիկայում կհավաքվի՞ և կկազմակերպի՞ թափուր մնացած պաշտոնների համար թեկնածուների ընտրությունը, թե ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած դեռևս հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը, սակայն գործընթացն առկախված է։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ դեռևս երկուշաբթի օրը ԲԴԽ-ն գրություններ էր ուղարկել բոլոր երեք խորհրդարանական խմբակցություններին՝ ասելով, թե թեկնածուները պատրաստ են հանդիպել նրանց հետ, ներկայացնել իրենց տեսլականը, և թե ինչպես են աշխատելու այդ պաշտոնում։
Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ մինչև այժմ որևէ խմբակցությունից պատասխան գրություն չի ուղարկվել թեկնածուներից որևէ մեկին, և նրանց ապագան, այսպես ասած, անհայտ է։ Այս իրավիճակում դեռևս անհայտ է՝ արդյոք խորհրդարանն առաջիկայում կհավաքվի և կկազմակերպի թափուր մնացած պաշտոնների համար թեկնածուների ընտրությունը, թե ոչ։ Ամեն դեպքում, այս պահի դրությամբ որևէ առաջընթաց առկա չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում