Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան պլանով Մոսկվայում է
Իրանի ԱԳ փոխնախարարը, ղարաբաղյան հակամարտությանն ուղղված Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով իր տարածաշրջանային այցերի շրջանակում, մեկնել է Մոսկվա: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հինգշաբթի առավոտյան, Մոսկվայի օդանավակայանում, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Անցնող 30 տարիների ընթացքում Մինսկի խմբի անդամները չեն կարողացել լուծել ղարաբաղյան հակամարտությունը»:
Արաղչին հավելել է.«ԻԻՀ-ն իր նախաձեռնությամբ ջանքեր է գործադրում տարածաշրջանային համագործակցության միջոցով վերջ տալ Բաքվի ու Երևանի տարաձայնություններին, ինչն իհարկե բարդ գործընթաց է»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղված Իրանի ծրագիրը ներկայացնելու նպատակով Արաղչիի տարածաշրջանային այցերը մեկնարկեցին Բաքվից: Բաքու կատարած այցի ավարտին նա հայտարարեց, որ Ադրբեջանի արձագանքը ծրագրին, դրական է եղել:
Նշենք, որ Իրանի փոխարտգործնախարարն այցելելու է նաև Երևան ու Անկարա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման համար
- Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ