Կորոնավիրուսի աննախադեպ թվերի պատճառով Ֆրանսիան ու Գերմանիան լոքդաուն են հաստատում
COVID-19-ի դեպքերի ալիքի դեմ պայքարելու համար Ֆրանսիայում վաղվանից՝ հոկտեմբերի 30-ից, հաստատվում է արգելափակում՝ լոքդաուն։ Այս մասին նախօրեին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դպրոցներն ու մանկապարտեզները բաց կմնան, հավելեց Մակրոնը: Այս մասին գրում է Euronews-ը։
Նախագահը նշել է, որ Ֆրանսիայում վիրուսի էվոլյուցիան գերազանցել է «նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումները»:
Չնայած հեռավար աշխատանքը պետք է իրականացվի այնտեղ, որտեղ հնարավոր է, Մակրոնն ասաց, որ քաղաքացիները կկարողանան լքել իրենց տները աշխատանքային հիմնական նպատակների, բժշկական նշանակումների համար, խոցելի անհատներին օգնելու և մթերային գնումներ կատարելու համար:
Ֆրանսիայում բնակիչները տնից դուրս գալու համար պետք է լրացնեն ձևաթուղթ։ Լոքդաունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը: Ֆրանսիայի միջազգային սահմանները հիմնականում փակ կմնան։ Նոր միջոցները կվերագնահատվեն յուրաքանչյուր 15 օրը մեկ՝ ստուգելու համար, թե արդյո՞ք դրանք գործում են։
Վերջին մի քանի շաբաթների սահմանափակումները, պարետային ժամը անբավարար էին երկրորդ ալիքի դեմ պայքարում, ավելացրել է Մակրոնը:
Մակրոնը հույս է հայտնել, որ ֆրանսիացի ընտանիքները կկարողանան միասին նշել Սուրբ Ծնունդն ու Նոր տարին՝ ազգային արգելափակման ավարտից հետո:
«Ես շատ մեծ ջանք եմ խնդրում, եկեք 15 օր դիմանանք: Եթե 15 օրվա ընթացքում մենք կարողանանք ավելի լավ վերահսկել իրավիճակը, ապա մենք կարող ենք վերագնահատել իրերը և հուսով եմ, որ որոշ խանութներ կբացենք, հատկապես այս կարևոր ժամանակահատվածում՝ նախքան Սուրբ ծննդյան տոները»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայում COVID-19 մահացությունները ներկայումս ամենաբարձր մակարդակի վրա են՝ ապրիլ ամսվա համաճարակի գագաթնակետից ի վեր, իսկ երեքշաբթի օրը գրանցվել է վիրուսի 33,000 նոր դեպք:
Մակրոնի կողմից լոքդաունի հայտարարությունը եղավ ժամեր անց, երբ Գերմանիան հայտարարեց նոյեմբերի 2-ից սահմանափակ արգելափակման մասին, որի արդյունքում փակվում են ռեստորանները, բարերը և թատրոնները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այդ միջոցներով փորձ է արվում խուսափել «սուր ազգային առողջապահական արտակարգ իրավիճակից»:
Չորեքշաբթի օրը Գերմանիան հաղորդեց 15,000 նոր դեպքի մասին, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար։
Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրեց, որ եվրոպացիներն այս տարի «այլ Սուրբ Ծնունդ» կունենան:
«Մենք խորը երկրորդ ալիքի մեջ ենք», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան