ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։
Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։
Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։
Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։
Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացվելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին