Ջավախքից բերված հումանիտար օգնությունը մաքսային գանձումից հետո ի վերջո հանձնված է հասցեատերերին
ԶԼՄ-ներում տեղեկություններ էր տարածվել, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը երեք խոշոր բեռնատարներով Ջավախքից Հայաստան է բերվել հերթական մարդասիրական բեռը՝ 55 տոննա կարտոֆիլ, սակայն Չարբախի «Ուրբան» մաքսային տերմինալում բեռն ուղեկցող անձինք բյուրոկրատական քաշքշուկների մեջ են ընկել և չեն կարողանում այն ուղարկել Արցախ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը Panorama.am-ին հայտնեց, որ հումանիտար բեռների փաստաթղթերում եղել են անհամապատասխանություններ, որոնք թույլ չեն տվել ըստ գործող կարգավորումների պատշաճ իրականացնել բեռների ձևակերպումները:
Նրա խոսքով, մաքսային ծառայության աշխատակիցները բեռն ուղեկցող քաղաքացիների հետ անմիջապես ձեռնամուխ են եղել փաստաթղթերի ձևակերպումների շտկման աշխատանքներին, որն առարկայորեն որոշակի ժամանակ է պահանջել:
Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ հումանիտար բեռների ձևակերպումներն ավարտվել են և դրանք հանձնվել են հասցեատերերին՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությանը և ԱԻՆ-ին:
Հարցին, թե՝ իսկ գանձումը պարտադի՞ր է, եթե բեռը հումանիտար օգնություն է, մեզ մատնացույց արեցին Հոդված 19.9-ը, ըստ որի՝ մաքսային ձևակերպումների համար գումար է գանձվում, տվյալ դեպքում՝ 37 հազար դրամ։
Այլ կերպ ասած՝ մոտ 200 կգ շատ լավ կարտոֆիլ։