Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով
Ռազմական գործողությունների գոտում՝ հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան զոհվել է եկեղեցուն ու բանակին նվիրված գնդերեցներից մեկը։
«Մեր նվիրյալ սարկավագներից էր, ճանաչողները գիտեն՝ ուղնուծուծով հոգևորական էր ու մարտիկ, մեր սրբությունները պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ էր»,- ասաց Տեր Հայրը։
Նա նաև հայտնեց, որ պատերազմի ընթացքում արդեն երեք հոգևորական վիրավորում է ստացել, մեկ հոգևորական տաս օրից ավելի անհայտ կորած է, շատերի հետ էլ կապ չունեն։
ԶՈւ հոգևոր սպասավորի խոսքով, հոգևորականները պատերազմի ընթացքում մասնակցում են և բուն ռազմական գործողություններին, և աշխատում են զինծառայողների հետ։
«Ըստ կարիքի՝ սկսած թիկունքային ծառայությունից, մինչև առաջնագիծ, տեսնում են՝ ով ինչի կարիք ունի, տանում են, ինչ հնարավոր է, անհրաժեշտ է, անում են։ Հիմնականում իրենց մեքենաներով են լինում։ Եթե մարդ գնացել է, այնտեղ է, արդեն շատ օգտակար բան է անում։
Ընդհանարապես, մարտական գործողություններին մասնակցելն իրենց գործը չէ, բայց լինում են տեղեր, որտեղ վիճակը շատ լարված է լինում, անհրաժեշտությունից ելնելով ամեն ինչ էլ անում են։ Ամեն դեպքում իրենց գործն արդյունավետ է՝ հենց խուճապի մեջ գտնվող, վախեցած տղաների հետ աշխատանքում, կարող են մի ամբողջ վաշտի մարտական վիճակի բերել։ Դա է արդյունավետ, քան գնան ու կոնկրետ դիրք պահեն։ Այս պահին բանակի հրամանատրությունն էլ այդ առումով դիմում է, հորդորում է, որ զինվորի հետ աշխատենք»,- նշեց քահանան։
Տեր Ենովք քահանա Եսայանն ասաց, որ շատ են ստանում դիմումներ հոգևոր սպասավորներից, որոնք ցանկանում են գնալ առաջնագիծ։
«Միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում գնալ առաջնագիծ ու գնում են Վեհափառի օրհնությամբ։ Շատ են դիմումները։ Նայում ենք, որպեսզի նրանց գնալը նպատակային լինի, գնան կոնկրետ այնտեղ, որտեղ աշխատանք է պետք»,- նշեց Տեր Հայրը։
Խոսելով պատերազմների նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերմունքի մասին, Տեր Ենովք քահանա Եսայանն ասաց. «Հայ եկեղեցու դիրքորոշումը ցայտուն կերպով ակնհայտ է պատմության խորքերից. Հայ եկեղեցին միշտ խաղաղություն է քարոզել, քարոզում ու քարոզելու է։ Սկսած Վարդանանց պատերազմից, Սարդարապատից մինչև մեր օրերը, երբ օրհասական է եղել վիճակը, Հայ եկեղեցին հորդորում էր ամեն գնով պաշտպանել մեր սրբությունները, մեր սուրբ հողը։ Հետևաբար մյուս եկեղեցիները, եթե կարող են այլ դիրքորոշում ունենալ՝ հանդուրժողականություն և այլն, մեր պարագային այլ է, որովհետև մյուսները չունեն թուրքերի նման հարևան։ Ստոր հարևաններ ունենալու դեպքում եկեղեցին պետք է իր դիրքորոշումը փոխի, որ կարողանանք պաշտպանվել չարիքից»։
Իր խոսքն ուղղելով թշնամու դեմ կռվող տղաներին՝ Տեր Հայրն ասաց. «Սա իրապես շատ լուրջ կռիվ է, մեր ազգի կարևորագույն կռիվներից մեկն է, հետևաբար զինվորները պետք է իրենց կոչմանը հավատարիմ ամեն ինչ անեն։ Ամենքս ամեն ինչ պետք է անենք»։
Ժողովրդին Տեր Ենովք քահանա Եսայանը խորհուրդ տվեց աղոթել զորքի համար, քանի որ վստահաբար հաղթում է նա, ով ապավինում է Աստծուն։
«Իհարկե, մեծ կորուստ է երիտասարդների մահը, բայց ողբալով, լացուկոծով ոչնչի չենք հասնի, էլի ենք կորցնելու։
Մեր եկեղեցիներում, Վեհափառի հանձնարարությամբ, գիշեր-ցերեկ աղոթք է։ Հետևենք այդ կոչին։ Պետք է աներկյուղ, անվախ շարունակենք, որովհետև տեղ չունենք նահանջելու։ Վարակիչ համարձակություն տարածենք, որ հաղթենք, հակառակն օգուտ չի բերի մեզ»,- ասաց ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության
- Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
- Զինվորները մկրտվում են մարտից առաջ
- Գնդերեցները երգելով գնում են առաջնագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան