«Հրապարակ». Բալասանյանն ասել է, որ Արցախում վիճակը հուսադրող չէ, և պետք է թույլ տան իրեն՝ ՊԲ-ի հետ մասնակցել մարտերի մարտավարության մշակմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ժամանել է Երևան և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չի հնչել: Փաստն ինքնին տարօրինակ էր, քանի որ Բալասանյանն արմատական ընդդիմություն է և մշտապես քննադատում էր Փաշինյանին։
Թե ինչ հարցեր են քննարկել, կողմերը չեն ցանկանում մանրամասնել։ Վարչապետի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, թե երկկողմ հանդիպում է եղել, ինքը տեղյակ չէ զրույցից, իսկ Վիտալի Բալասանյանը, հաստատելով հանդիպման փաստը, միայն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեզ պատմեցին, որ Բալասանյանի այցի նպատակը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանից թույլտվություն ստանա կորցրած տարածքներից մեկը վերադարձնելու օպերացիա մշակելու համար։
Բալասանյանն ասել է, որ Արցախում վիճակը հուսադրող չէ, և պետք է թույլ տան իրեն՝ ՊԲ-ի հետ մասնակցել մարտերի մարտավարության մշակմանը, ավելին՝ իրեն վստահեն ուղղություններից մեկի վերադարձի օպերացիան։ Կարծես թե համաձայնություն է ստացել, պայմանով, որ այդ օպերացիան իրականացնելու է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Կարապետյանի անմիջական վերահսկողությամբ և նրա հետ համաձայնեցված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում