ՊՆ ներկայացուցիչ. Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղեր մաքրվել են ադրբեջանական դիվերսանտներից
«Արաքս գետից դեպի հյուսիս ընկած հատվածում ինտենսիվ մարտեր են, սակայն դրանք ամբողջ ճակատով չեն»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այսօր, ի տարբերություն երեկվա ու նախորդ օրվա, կոնկրետ բարձունքների համար են մարտերը։
«Կիրառվում է հրետանի, զրահատեխնիկա, հետևակ և այլն։ Բայց եթե համեմատության մեջ նայենք, այն ինտենսիվությունը չկա»,-ասաց նա։
Հյուսիսում վաղ առավոտյան՝ ժամը 4-ի կողմերը Ադրբեջանը հրետանային պատրաստությունից հետո հարձակում է սկսել, բայց կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել, թողնելով տասնյակ դիակներ։
Ինչ վերաբերում է գիշերային ժամերին կատարված գործողություններին, ապա նախարարության ներկայացուցչի խոսքով, Քարին Տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղերում մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։
«Ավելին, մեր հետախուզական ծառայությունների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, մեր հրետանու կրակից այրվել է, նույնիսկ կրակը տեսել են Ստեփանակերտում։ Բայց դիվերսանտները շատ են, տարբեր գյուղերի ուղղությամբ, տարբեր խմբեր են՝ տարբեր նպատակներով, առաջադրանքներով, ակտիվությամբ»,-տեղեկացրել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նրանք գտնվում են հիմնականում Հադրութից Շուշի ընկած գյուղերի՝ այդ թվում Ջիվանիկ, Շեխեր անտառապատ տարածքներում։
Նրա խոսքով, այդ մարտերը երեկ ինտենսիվացել են, այս պահին էլ շարունակվում են։
«Անտառներում իրականացվում են դիվերսիոն խմբերի փնտրման, ոչնչացման գործողություններ, հաճախ լինում է բախում, հաճախ լինում է փախուստ՝ առանց բախման, կամ կորդինատները փոխանցվում են հրետանուն, հրետանին հարվածում է։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում ուղիղ առճակատման գնալ, բաց ճակատում դժվար է առաջ գալը։ Նրանք ուզում են շրջանցելով, փոք խմբերով հասնել հաջողության, որը բացի քաղաքական փիարից ունի նաև ռազմական նշանակություն՝ բնակչությանը հանել, խուճապ տարածել, մեր փոքր խմբերին վնասել, կապուղիները կտրել, իսկ քաղաքական փիարի առումով, փորձում են դրոշ դնել, այս անգամ Շուշիում կամ հարակից որևէ բնակավայրում, պարզ է, որ դա մեծ հնչեղություն կստանա»,-նշեց նա՝ ավելացնելով, որ հակառակորդի զինված պոտենցիալը դեռ մեծ է, պահպանում է հարձակողական ներուժ, հետևաբար պետք է հայկական կողմը մշատպես լինի զգոն, կազմակերպված, սպառազինված, պատաստված, քանի որ սա հեշտ կռիվ չի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան