Դավիթ Տոնոյանը Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող վիճակը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական բաժնից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները:
Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ, իսկ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:
Դեսպանը Լաքոտն իր հերթին նշել է հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման ջանքերի գործադրման անհրաժեշտությունը»,- ասված է տարածված հայտարարության մեջ։