Հարավային ուղղությամբ մեր ԶՈւ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են. ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր վաղ առավոտյան, ավելի վաղ քան երբևէ, սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, բայց անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ ու հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։
Ա. Հովհաննիսյանի խոսքով, ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս, մի քանի բարձունքների ուղղությամբ։
«Մեզ Զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, հստակ որևէ բան այս ուղղությամբ նշել այժմ չեմ կարող»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա հայտնեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի, Ճարտար ողղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտեսնիվ մարտական գործողություններով, հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, գրոհիչ խմբավորումներով, հրետանու բավականին խիտ կրակի ներքո։
«Մեր Զինված ուժերը չեն ընկրկել, այս պահին որևէ դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկան, բայց մարտերը համառ են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա, նույն ժամանակ նախկինում նշված գյուղերի ուղղությամբ՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերի, Կարմիր Շուկայից դեպի արևմուտք մի քանի գյուղերի ուղղությամբ գիշերը մարտական գործողությունների ընթացքում դիվերսիոն ահաբեկչական խառը հրոսակախմբերի դեմ պայքարում հայկական կողմը լավ ցուցանիշներ է ապահովել, զգալի խմբեր են չեզոքացվել, ռազմաբազա է չեզոքացվել, բայց այս ուղղությամբ մարտերը շարունակվում են, որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս և այլն։
«Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն, ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները։
«Պատերազմն իր սաստկությունը մի փոքր կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումներ լինում են, լինում են նույն հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառությամբ, քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները, ըստ էության, կարելի է ասել շարժվող ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն ներկայացրել է գերեվարված իսլամիստ-ահաբեկչի հարցաքննությունը
- ՊՆ ներկայացուցիչ. Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղեր մաքրվել են ադրբեջանական դիվերսանտներից
- Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են. ՊՆ ներկայացուցիչ
- Ռազմական բոլոր օպերացիաներն ու մարտական գործողությունները մշակվում և իրականացվում են ՊԲ գլխավոր շտաբի կողմից. Վահրամ Պողոսյանը
- ՊՆ ներկայացուցիչ. Հյուսիսում դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ թշնամին հետ է շպրտվել
- Թշնամին փորձել է նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է. Արցախի ՊՆ
- ՀՀ սահմանին թշնամու շարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է. ՊՆ ներկայացուցիչ