18:09 30/10/2020 Հայաստան

Աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ ՀՀ նկատմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, որտեղ ներկայացված է հարցուպատասխանը.

Հարց - Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը:

Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ:

Հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում: Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու:

Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

Հարց – Ի՞նչ կարող եք իրապես ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի: Բայց Դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետև այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք:

Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում: Այլ բան, որ կան ուժեր, որոնք գիտեն հետևյալը՝ Եվրոպան արդեն մոտավորապես 60 և ավելի տարի ապրում է բարեկեցության մեջ, և այդ բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում: Որովհետև քանի դեռ ռումբերը չեն պայթել՝ բակերում, տներում, բարեկեցիկ մարդը հակված է ավելի շատ wishfull thinking տրամաբանությամբ առաջնորդվել, և դա շատ լայն դաշտ է բացում շատ ուժերի համար:

Հարց - Ի՞նչ պատերազմ նկատի ունեք, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Դուք կարո՞ղ էիք երբևէ մտածել, թե որևէ երկրի նախագահ, կամ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչ կարող է, օրինակ, Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդպես և այդ տրամաբանությամբ: Ո՞վ կարող էր այդպիսի բան մտածել 15 տարի առաջ, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Ես չգիտեմ դեպք, երբ Խորհրդային միության որևէ ղեկավար, օրինակ, Ֆրանսիայի կամ եվրոպական որևէ երկրի ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն թույլ տար:

Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է:

Հարց - Դուք վերջերս ասացիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին դիվանագիտական լուծում չունի: Ո՞ւր եք հասել հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞րն է այս պահը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները՝ մի պահ՝ Ռուսաստանի նախագահը, մի պահ՝ Ֆրանսիայի նախագահը, երրորդ պահին՝ Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի համաձայնություն են կայացնում, բայց այն չի կայանում: Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. երկու երկրների դիվանագետները աշխարհի հզոր երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք են բերում դիվանագիտական համաձայնություն, որ հաջորդ օրն այս ինչ ժամից հրադադար է, որը շատ պարզ բան է, չէ՞, ընդամենը այս ինչ ժամից չենք կրակում, սակայն պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում:

Որքանո՞վ է լուրջ հույս ունենալ, որ ավելի մեծ դիվանագիտական պայմանավորվածություններ այդ պայմաններում կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ դիվանագիտական լուծումը մեր անցնելիք, բարձրանալիք աստիճանի հարյուրերորդ աստիճանն է: Մենք պետք է բարձրանանք այդ աստիճանով՝ վերջին հասնելու համար: Եթե մենք չենք կարողանում առաջին քայլն անել, ինչպե՞ս կարող է հույս ունենալ, որ մենք կանենք վերջին քայլը:

Հարց - Այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ Ձեր իշխանության գալուց հետո: Կա՞ արդյոք մի բան, որը կարող էիք անել՝ դա կանխելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից: Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնվել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ համար: Եվ 2011 թվականից մենք ունենք այսպիսի դինամիկա: Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի:

Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես: Միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար:

Եվ ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին հետևյալ կերպ: Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ:

Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին:

Հարց - Մտադի՞ր եք դիմել Մոսկվային՝ միջամտելու համար: Եթե այո, դա կլինի հումանիտա՞ր, թե՞ ռազմական մակարդակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է: Եվ ես ասել եմ, որ կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար:

Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն:

Հարց - Որևէ ուրիշ երկիր հանդես եկե՞լ է օտարերկրյա խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երկիր չկա, բայց բանակցային գործընթացում միշտ էլ այդ թեման արծարծվել է, և տարբեր կարծիքներ կան խաղաղապահների կազմի վերաբերյալ: Բայց մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Հարց - Գյանջայում խաղաղ բնակչության ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից արդյոք խաթարո՞ւմ է Հայաստանի՝ իր ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումը: Չե՞ք կարծում, որ այդ ռմբակոծությանը քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ արձագանքելը խաթարում է Ձեր դիրքորոշումը միջազգային հանրության շրջանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Որովհետև հարցն այն է, թե ինչու է Գյանջան հրթիռակոծվել: Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել:

Հարց - Բայց արդյոք, պատասխանելով նույնկերպ, չե՞ք թուլացնում Ձեր դիրքորոշումները միջազգային հանրության առաջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին: Գուցե այդ ռազմական թիրախների հետ տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բայց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից – հեղինակի կողմից) ռազմական թիրախ չկա:

Հարց – Կապի մե՞ջ եք արդյոք Իրանի ղեկավարության հետ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Իրանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրանը մեր հարևան և բարեկամ երկիրն է: Ես այս ընթացքում հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահի հետ, մեր արտաքին գործերի նախարարը կապի մեջ է եղել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, մեր այլ պետական մարմիններ համագործակցում են իրավիճակի վերլուծության և գնահատման վերաբերյալ: Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում:

Հարց - Դուք նշեցիք 3 հրադադարները: Առաջինը համաձայնեցվել էր Ռուսաստանի միջնորդությամբ, 2-րդը՝ Ֆրանսիայի, 3-րդը՝ ԱՄՆ-ի: Այդ 3-ն էլ, ինչպես նշեցիք, խախտվել են րոպեների ընթացքում: Արդյոք մտահո՞գ չեք, որ այժմ այլևս տարբերակներ չկան՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դե տեսեք, հիմա փաստորեն Դուք եք ասում՝ այս պահին դիվանագիտական լուծում հնարավոր չէ:

Հարց – Ես հարցնում եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ է, որ Դուք հարցնում եք: Բայց Դուք հիմա, ըստ էության, ասացիք այն, ինչի մասին ինձ հարցնում եք: Ես էլ կարող եմ Ձեզ հարցնել՝ իսկ ինչո՞ւ եք ասում՝ տարբերակներն սպառվում են, իսկ դիվանագիտական լուծումն ի՞նչ եղավ:

Հարց – Չեմ կարծում, թե տարբերակներ չկան, բայց 3 այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն միջնորդում են հրադադարի համաձայնությանը և այն անմիջապես խախտվում է, ի՞նչ կարող է էլ արվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Չեխոսլովակիան» պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել: Պետք է ամեն ինչ անի, որ ինքն իրեն պաշտպանի:

Հարց – Ի՞նչ ուղերձ ունեք աշխարհին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ցավոք, մի «իքս» պահից՝ դա մոտավորապես 2000-ական թվականներն էր, համաշխարհային մամուլում Լեռնային Ղարաբաղի հարցն սկսեցին ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ: Մինչդեռ դրանից 10, 12 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը համարվում էր այն նախադրյալը, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Որովհետև Ղարաբաղի շարժումն սկսել է որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման արտահայտություն:

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, որը, ինչպես միշտ այդ տարածաշրջանի բնակչության 80 տոկոսն էր, Խորհրդային միության ժողովրդավարացման համատեքստում, երբ Միխայիլ Գորբաչովն Խորհրդային միությունում իրականացնում էր ժողովրդավարացում և վերակառուցում, որոշեց իր իրավունքը պաշտպանելու փորձ անել: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել: 20-րդ դարասկզբին, երբ Խորհրդային միությունն էր ձևավորվում, և Հարավային Կովկասը մտնում էր Խորհրդային միության մեջ, ձևավորվում էին հանրապետություններ, Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի:

Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, որոշեց այդ պրոցեսն ուղղելու բացարձակապես խաղաղ գործընթաց սկսել: Ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանն արձագանքեցին ուժով, մասնավորապես՝ Սումգայիթ և Բաքու քաղաքներում հայերի ջարդ կազմակերպելով և հետո նաև Լեռնային Ղարաբաղի անմիջական տարածքում: Որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման պրոցեսը, և Ադրբեջանը հայտարարեց անկախություն Խորհրդային միությունից:

Իսկ Խորհրդային միությունում գործող կարգերի համաձայն, եթե որևէ հանրապետություն Խորհրդային միությունից անկախանալու գործընթաց է սկսում, նրա կազմում գտնվող միավորումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կարող են որոշում կայացնել իրենց սեփական կարգավիճակի վերաբերյալ: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույնպես կայացրել է անկախ լինելու որոշում: Եվ, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է անկախացել Խորհրդային միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Ադրբեջանից: Եվ ինչքան Խորհրդային Ադրբեջանն ուներ այդ իրավունքը, այնքան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուներ այդ իրավունքը:

Եվ, այո, ասում են, որ միջազգային հանրությունն այդ անկախացումը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը հենց այդ իրավունքը ճանաչելու վերաբերյալ է: Եվ մանավանդ այսօր, երբ

Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, այդ իրավունքն ավելի է սրվում: Եվ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ դա նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով, որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»:

Հարց – Արդյոք լրջորեն դիտարկո՞ւմ եք այն, որ Հայաստանը ևս կարող է հարձակման ենթարկվել այս պատերազմում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն իսկ մենք հարձակումներ ունեցել ենք:

Հարց – Ռազմաբազայի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ունեցել ենք արդեն հարձակումներ: Եվ չի կարելի բացառել այդպիսի սցենար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:15
Ժաննա Անդրեասյանի անդամակցությունը դադարեցվել է, Լենա Նազարյանը խորհրդի նախագահ է ընտրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:59
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
15:57
Վահե Ղազարյանից հետո ովքե՞ր կլքեն ՆԳՆ-ն
Վահե Ղազարյանի ազատումից հետո համակարգն «ինքնակամ» կլքեն նաեւ մի քանի խոշոր ու մանր պաշտոնյաներ: «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը
Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է այսօր տարածված տեղեկատվությունը, թե «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Տեղի է ունենում 2-3 գործընթաց. Քաղտեխնոլոգ
«Նիկոլ Փաշինյանը ստեղծում է արհեստական օրակարգ այն էլ շռնդալից կերպով։ Կիրակի օրով ազատում է բազմաթիվ պաշտոնյաների, երբ կարելի էր գնալ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի 132 մլրդը կհավաքվի. Էդգար Ղազարյան
«Այստեղ ստեղծված է միակուսակցական բոլշևիկյան կառավարման համակարգ։ Բոլշևիկները դեռ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ խորհուրդներ ունեին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ըմբշամարտի ֆեդերացիա. Մեզ համար ևս մնում է անհասկանալի, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ
«Հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին»։
Աղբյուր` Panorama.am
14:50
Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
«Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Հրամանագրեր ու որոշումներ՝ պաշտոնից ազատելու մասին
Աղբյուր` Panorama.am
14:32
Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
14:10
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է Արա Մկրտչյանին։ 
Աղբյուր` Panorama.am
13:55
Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am
12:40
Բողոքի ակցիա ավագանու նիստի ժամանակ. Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ թիմակիցների ուղեկցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացիները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ քաղաքապետարանի ու հանուն խաղահրապարակի
 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչները դուրս են բողոքի՝ քաղաքապետարանից պաշտպանելու իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Սրբուհի Գալյանի առաջին նշանակումները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է  քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»։
Աղբյուր` Panorama.am
10:42
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}