Գուժ Ցոլակյան. Ինչպես վիրավոր սպան կարողացավ թշնամու թիկունքից անվնաս դուրս գալ
Տասը տարուց ավելի սահմանին մարտական ծառայություն իրականացրած, ապա Չինաստանի Նանկինի ցամաքային զորքերի հրամանատարական ակադեմիան ավարտած սպա Գուժ Ցոլակյանը, թողնելով ռազմական բուհի դասախոսական ցուցափայտը, շտապել է առաջնագիծ ու ստանձնել պահեստազորային գումարտակներից մեկի հրամանատարությունը։
Կարճատև պատրաստությունից հետո մայոր Ցոլակյանն իր տղաների հետ շտապել է Արցախի հարավային շրջան, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։
«Մեր հիմնական պայքարը եղել է վարձկանների ու տարբեր խմբավորումների դեմ, դրանց հայտնաբերում, ոչնչացում, թույլ չպետք է տայինք, որ թիկունք դուրս գային»,- «Զինուժ» մեդիային պատմել է վիրավորում ստացած սպան։
Օրեր անց թշնամին անցել է հարձակման, մի քանի անգամ գերազանցող ուժերի դեմն առնելու առաջադրանքը դրվել է Գուժ Ցոլակյանի գումարտակի, «Սև հովազ» ջոկատի կամավորականների և Արցախի ոստիկանական ուժերի ստորաբաժանման վրա։ Հրետանու և մեծաթիվ անօդաչուների աջակցությամբ հակառակորդին ժամեր անց հաջողվում է ճեղքել ձախ թևն ու անցնել թիկունք։
Արագ գնահատելով իրավիճակը՝ գումարտակի հրամանատարն իր կողքին մարտնչող տղաներին հորդորում է հետ քաշվել ու միանալ աջ թևին, ինքը մնում է դիրքում՝ իր վրա վերցնելով կրակն ու ապահովելով ենթակաների անվտանգ նահանջը։
«Այդ ընթացքում կրակը միայն իմ վրա էր։ Զորքը դուրս էր գալիս ավելի բարենպաստ դիրք, որպեսզի առաջխաղացումը թույլ չտային։ Զինամթերք չկար էլ, մի հատ Ֆ1 ինձ համար էի պահել»,- պատմում է Ցոլակյանը։
Թշնամու գործի դրած ծանր հրետանու պայթյուններից նա հետ է շպրտվում, ծանր վիրավորված սպան մի քանի ժամ անց գիտակցություն է գալիս, երբ մարտն ավարտված էր, ինքը՝ թշնամու թիկունքում։
Գուժ Ցոլակյանը երեք օրում կարողանում է դուրս գալ թշնամու թիկունքից, չնայած վնասվածքի հետևանքով ոտքերն այլևս չէր զգում։
Նա անկեղծանում է՝ այդ օրերին իրեն ուժ ու կորով են տվել հարազատներին տված խոստումն ու մեկամյա դստերը նորից գիրկն առնելու երազանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան