Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է.
«Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է: