Շրջակա միջավայրը՝ պատերազմի «չհրապարակված զոհ»
Պատերազմական գործողություններից որքանո՞վ է տուժում բնությունը, ինչպիսի՞ էկոլոգիական աղետներ կարող են առաջանալ և ինչպիսի՞ աղետների առջև են կանգնել պատերազմի թոհ ու բոհով անցած երկրները։ Այս հարցերի շուրջ «Panorama.am»-ը զրուցել է բնապահպանական տեղեկատվության փորձագետ, էկոլոգ Գալուստ Նանյանի հետ։
«Սովորաբար պատերազմների դեպքում միայն մարդկային (զինվորական և խաղաղ բնակիչների) կորուստների, սոցիալական, ֆինանսական, գույքային, ավերված բնակավայրերի հաշվարկներ են արվում, բայց այս համատեքստում շրջակա միջավայրը հաճախ մնացել և մնում է պատերազմի «չհրապարակված զոհը»։ Մինչդեռ աղտոտվում ու թունավորում են գետերը, լճերը, ջրհորները, հատվում ու այրվում են անտառները, հողի բերի շետերը, ոչնչանում՝ կենդանական, բուսական աշխարհը։ Իսկ հետագայում նաև ոչ ճիշտ կառավարումն ու էկո-խնդիրների անտեսումը զգալի վնասների (շատ դեպքերում անդառնալի) պատճառ են դառնում»,- ասոմ է փորձագետը՝ ներկայացնելով միջազգային փորձից օրինակներ։
Գալուստ Նանյանի փոխանցմամբ՝ առաջին վառ օրինակը ամերիկա-վիետնամական պատերազմն է եղել, որը համաշխարհային պատմության մեջ գրանցվել է որպես «վիետնամական բնապահպանական պատերազմ»։ Այդ ժամանակ հսկական վնաս է հասցվել երկրի բնական ռեսուսներին, ջրային ու հողային, անտառային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, ցանքսերին և պլանտացիաններին, որոնք ընդգրկել են միլիոնավոր հեկտարներ:
«Հարավ-արևելյան Ասիայի այդ երկրում միլիոնավոր հեկտարներով ջունգլիներ ու բնական անտառներ են այրվել՝ վիետնամցի պարտիզաններին հայտնաբերելու, չեզոքացնելու ու ոչնչացնելու նպատակով։ Քիմիկական նյութերի կիրառման արդյունքում լրջորեն փոխվել է Վիետնամի էկոլոգիական հավասարակշռությունը։ Արդյունքում, ամբողջությամբ ոչնչացվել են մանգլենի անտառները (500 հազ. հա), ջունգլիների 60 տոկոսը (մոտ 1 մլն հա), հովտային անտառների 30 տոկոսը (ավելի քան 100 հազար հա): Ախտահարված շրջաններում թռչունների 150 տեսակներից մնացել են 18-ը, գրեթե ամբողջությամբ վերացել են երկկենցաղները, իսկ ձկների դեպքում տեղի է ունեցել կազմի փոփոխություն, խախտվել է հողի միկրոկենսաբանական կազմը։ Պատերազմական գործողությունների արդյունքում ՝ բնապահպանական էական վնաս են կրել նաև Աղֆանստանը, Պակիստանը, Սիրիան, Լիբիան»,- նշում է փորձագետը:
Առհասարակ կարող ենք մի փաստ արձանագրել, որ յուրաքանչյուր պատերազմ իր հեթին վնասներ է բերում նաև բնության երեք տարրերին՝ հողին, ջրին ու մթնոլորտին: Պարզ է մի բան, որ երկրագնդի յուրաքնաչյուր թեժ կետում, որտեղ պատերազմներ, զինված հարձակումներ են տեղի ունենում ՝ պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, բնական ռեսուրսներն են։
«Դեռևս անցյալ տարի միջազգային կառույցներից մեկը գիտնականների օգնությամբ կազմել է 2018-2019 թվականների համաշխարհային զեկույցը, համաձայն որի՝ վերջին 60 տարինների ընթացքում բոլոր ներքին բախումների և պատերազմների առնվազը 40 տոկոսը կապված է եղել բնական ռեսուրսների յուրացման և շահագործման հետ։ Այն է՝ ջուրը, նավթը, անտառային շերտերը, ադամանդը, ոսկին և այլն»,- խոսելով նաև երկրների բնապահպանական նկրտումներից ասում է Գալուստ Նանյանը:
Ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական պատերազմին, ապա բանախոսը դժվարանում է պատասխանել՝ հնարավոր էկոլոգիական աղետների մասին հարցին, քանի դեռ պատերազմն ավարտված չէ և ուսումնասիրություններ չկան արված։ Սակայն, ծանր տեխնիկաների, հրթիռների, հատկապես՝ ֆորսֆորային զենքի կիրառումն, ըստ նրա, չեն կարող ծանր հետք չթողնել հայկական լեռնաշխարհի բուսական ու կենդանական աշխարհի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին