ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է:
Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները:
«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:
Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների` «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանության իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում:
ՈւԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
- Ադրբեջանական մանկամտության մակարդակից էլ ցածր կեղծիքը
- Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ
- Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
- Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամը․ Գլխավոր դատախազություն
- ՊՆ. Անհերքելի ապացույցներից հետո Ադրբեջանն անհաջող ջիգեր է գործադրում ջրից չոր դուրս գալու համար
- Թուրք ֆուտբոլիստը հաստատում է՝ Բարդայում ահաբեկչություն է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին