Քաղաքական 17:04 31/10/2020 Հայաստան

Միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով հարցազրույցը.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, բարի գալուստ Al Arabiya: Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար: Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում՝ հատկապես նկատի առնելով, որ Դուք օրերս կոչ արեցիք համընդհանուր ռազմական և քաղաքացիական պատրաստության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:

Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին:

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար:

Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Դուք նշեցիք, թե ինչու է Թուրքիան շահագրգռված Ադրբեջանին աջակցելու հարցում: Բայց Դուք նաև մեղադրեցիք Բաքվին՝ Թուրքիայի միջոցով վարձկաններ ներգրավելու համար, ինչպես նաև պատասխանեցիք հայկական արմատներով արաբներին օգնության կանչելու՝ Ձեզ հասցեագրված մեղադրանքին: Ո՞րն է տարբերությունը վարձկանների և նրանց միջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, մենք այդպիսի երևույթ չունենք, չկա այդպիսի երևույթ: Երկրորդ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր աշխատում կամ ապրում են որևէ օտարերկրյա երկրում, և այս իրավիճակից ելնելով՝ նրանք վերադառնում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: Եվ կան ղարաբաղցիներ, ովքեր ապրում են արտերկրում և վերադառնում են իրենց հայրենիքը պաշտպանելու: Բայց ես Ձեզ ասեմ, որ այդպիսի երևույթ, որը կարող է դիտարկվել որպես մասշտաբային, մենք չունենք: Ես չեմ բացառում այդպիսի դեպքեր, բայց բացառում եմ, որ այս տրամաբանությունից դուրս որևէ բան մենք ունենանք:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, ո՞րն է այս հակամարտության լուծման Ձեր տեսլականը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջինը՝ պետք է ռազմական գործողությունները դադարեն, որովհետև ռազմական գործողությունների պայմաններում դժվար է պատկերացնել դիվանագիտական լուծում: Որից հետո պետք է տեղի ունենան առարկայական բանակցություններ լուծումների վերաբերյալ, այնպես, ինչպես նախատեսված է Մոսկվայի՝ հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից:

Al Arabiya - Այս անգամ ի՞նչը կարող է համոզել Հայաստանին նստել և բանակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել բանակցությունների, միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ անկախության, ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը:

Բայց 2011 թվականի, այսպես կոչված, Կազանյան պրոցեսի ընթացքում հայկական կողմը համաձայնվել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ, որը վերջնական կարգավիճակ չէր, այլ ընդամենը միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից որոշակիորեն հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ թույլ չի տվել և միչև օրս էլ թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, և իրենք անպայման կօգնեն նրանց: Ինչպե՞ս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Ձեր թվիթներից մեկում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր չեն և կոչ արեցիք ճանաչել և առերեսվել պատմական իրողությունների հետ: Միջազգային իրավունքի ի՞նչ դրույթների վրա եք Դուք հիմնվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Իմիջիայլոց, 2 կամ 1 օր առաջ շատ կարևոր բան տեղի ունեցավ: Ցավոք, շատ դեպքերում փորձ է արվում Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, այսինքն՝ վեճ, որտեղ կա 2 կողմ: Մի կողմն ասում է՝ այս հողը մերն է, մյուս կողմն ասում է՝ այս հողը մերն է: Բայց իրականում այս կոնֆլիկտը կապ չունի այդպիսի պնդումների հետ: Ի՞նչն էր կարևոր:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2 օր առաջ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, հայտարարեց, որ սա ծագել է ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ կոնֆլիկտ: Ցավոք, քանի որ հակամարտության պատմությունը բավական երկար է, միջազգային հանրությունը շատ հաճախ կորցնում է սկզբնաղբյուրը և ընկալումը, թե այս ինչ պատմություն է Ղարաբաղի հարցը: Իսկ Ղարաբաղի հարցն այս փուլում ծագել է 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվել էին ժողովրդավարացման պրոցեսներ: Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի բնակչությունը 80 տոկոսով հայերն էին: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, օգտվելով Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթացներից, որոշեց բարձրաձայնել իր խախտված իրավունքների հարցը:

Իսկ որո՞նք էին իրենց խախտված իրավունքները: Խորհրդային Միության ձևավորման պրոցեսում՝ արդեն 1920-ական թվականներին, էլի 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի՝ Ստալինի կայացրած կամայական որոշման արդյունքում: Եվ Լեռնային Ղարաբաղի հայությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանը որոշեց բարձրաձայնել այդ հարցը և բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարի միջոցով փորձել լուծել այդ խնդիրը, կարգավիճակի խնդիրը, ինչին Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնություններով: Եվ այդ բռնություններն առաջինը արտահայտվեցին ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում՝ հայերի նկատմամբ ձեռնարկված բռնություններով և սպանություններով: Սա կոնֆլիկտի առաջին փուլն էր:

Հաջորդ փուլը զարգացավ Խորհրդային Միության փլուզման իրավիճակում: Եվ, ըստ Խորհրդային Միությունում գործող կարգերի, եթե խորհրդային հանրապետություններից մեկն ստանում է անկախություն, նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, կարող էր որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ: Որովհետև նրանք միասին էին ընդգրկվել Խորհրդային Միության կազմում՝ ոչ թե միասին էին ընդգրկվել, այլ միասին ունեին սուբյեկտություն Խորհրդային Միության կազմում: Երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին հռչակեց իր անկախությունը: Եվ ինչպես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Ադրբեջանն է անկախացել Խորհրդային Միությունից, նույն տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:

Այո, մինչ այսօր միջազգային հանրությունն այդ փաստը, այդ անկախացումը չի ճանաչել: Եվ կոնֆլիկտի էությունը կամ պայքարը հենց դրա մեջ է. Լեռնային Ղարաբաղի հայությունը պայքարում է, որ իր ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից: Սա է ամբողջ պատմությունը: Բայց շատ կարևոր է հասկանալ այդ անկախացման պատճառը, պատճառահետևանքային կապը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր, ինչն արտահայտվել է նախ մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Հիմա էլ մենք այսօր տեսնում ենք, որ Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը հրթիռակոծվում են: Ըստ էության, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ: Եվ այս իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ, ևս մի փաստով և փաստարկով է լրացնում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Al Arabiya - Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար:

Al Arabiya - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենց բանակը վերահսկողություն է հաստատել որոշ սահմանամերձ գյուղերի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատ ծանր ռազմական գործողություններ, և որոշակի առաջընթաց ունի Ադրբեջանի բանակը: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և Պաշտպանության բանակը հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար և մտադիր են պայքարել մինչև վերջ:

Al Arabiya - Պարոն վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ներկայիս առճակատումը կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների հետ և տարբերվում է երկու ժողովուրդների միջև ավանդաբար առկա հակամարտությունից իր գազային բաղադրիչով: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գազն այստեղ հաստատ ունի ոչ առաջնային իմաստ: Եվ փորձ է արվում որոշ ուժերի կողմից այս կոնֆլիկտին տալ երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն, ասացի, տարածքային ենթատեքստ: Ինչո՞ւ է այդ ամեն ինչն արվում: Կոնֆլիկտի բուն էությունից ուշադրությունը շեղելու համար: Սա շատ կարևոր է: Տեսեք, Ձեր հարցերին ի պատասխան անընդհատ փորձում էի ասել, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք կոնֆլիկտի էության վրա: Այն ինչի՞ մասին է:

Որովհետև որևէ պրոբլեմ բուժելու համար անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար: Որովհետև եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ, այդ պրոբլեմը չի լուծվի: Հետևաբար, դա անում են այն ուժերը, ովքեր հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ: Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես:

Al Arabiya - Ի վերջո, մինչև ե՞րբ է այս հակամարտությունը շարունակվելու, և ինչպե՞ս պետք է այն ավարտվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են՝ բռնությունները դադարեցնելու համար: Բայց, էլի եմ ասում, մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք: Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները:

Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց և հաստատվում է - սա միակ փաստը չէ, մյուս փաստերը ես նշեցի - որ Թուրքիան է, որ ավելի բորբոքում է այս կոնֆլիկտը և տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը: Եվ հիմա պատահական չէ, որ կան երկրներ, որ բռնությունների դադարեցման հենց այս հաջորդականությունն են տեսնում՝ ահաբեկիչների և վարձկանների հեռացում տարածաշրջանից և Թուրքիայի մասնակցության սահմանափակում այս կոնֆլիկտին: Հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա այդ արդյունքը:

Al Arabiya - Դիտորդները նաև հարցնում են, թե արդյոք Հայաստանը ծանրակշիռ ապացույցներ ունի՞ Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես 2 փաստի մասին կցանկանայի խոսել, որպեսզի շատ երկար չմանրամասնեմ:

Առաջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում:

Երկրորդ՝ վարձկանների առկայության վերաբերյալ հայտարարություններ են արել Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Համացանցում կան հրապարակված նյութեր, որոնք արդեն հրապարակային են, որոնք ապացուցում են այդ ամենը: Եվ Հայաստանն էլ իր հերթին ունի ապացույցների պատրաստած փաթեթ, որոնք մենք տրամադրել ենք մեր միջազգային գործընկերներին և կարող ենք տրամադրել:

Al Arabiya - Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:

Al Arabiya – Պարոն վարչապետ, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:38
Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Հրամանագրեր ու որոշումներ՝ պաշտոնից ազատելու մասին
Աղբյուր` Panorama.am
14:32
Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
14:10
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է Արա Մկրտչյանին։ 
Աղբյուր` Panorama.am
13:55
Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am
12:40
Բողոքի ակցիա ավագանու նիստի ժամանակ. Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ թիմակիցների ուղեկցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացիները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ քաղաքապետարանի ու հանուն խաղահրապարակի
 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչները դուրս են բողոքի՝ քաղաքապետարանից պաշտպանելու իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Սրբուհի Գալյանի առաջին նշանակումները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է  քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»։
Աղբյուր` Panorama.am
10:42
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Կրիտիկական խոցելիություններ՝ Unisoc չիպերում
Kaspersky ICS CERT-ի փորձագետները կրիտիկական խոցելիություններ են հայտնաբերել Unisoc չիպերում, որոնք սարքերում լայնորեն օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած...
Աղբյուր` Panorama.am
09:37
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր
Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Աղբյուր` Panorama.am
09:30
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:28
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին
Այսօր վաղ առավոտյան՝  ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլև իրականացրել են նրա քմահաճույքները
«Փաստ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}