Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը Ստեփանակերտի կենտրոնից՝ այսօր Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորման հետևանքով ավերված շուկայից։
«Շուկայի հրետանային ռմբակոծությունը տեղի է ունեցել հենց այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո, ըստ որի կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու խաղաղ բնակչության կամ ոչ ռազմական թիրախները։ Բայց դուք տեսնում եք Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածք, որը գտնվում է շատ հեռու ռազմական օբյեկտներից, այն Ստեփանակերտի ամենակենտրոնում է։ Այս հրետակոծության հետևանքով շատ խանութներ ավերվել են կամ վնասվել։ Կան նյութական մեծ վնասներ»,- նշում է Բեգլարյանն իր խոսքում։
ՄԻՊ-ն ավելացնում է, Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Մարտունի բնակավայրերը, ինչպես նաև այլ քաղաքներ ու գյուղեր։
«Ադրբեջանի հրետակոծության հետևանքով այսօր հայրենի Մարտունիում 59-ամյա մի տղամարդ է զոհվել։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունները, Ադրբեջանը միտումնավոր կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսական օբյեկտները, որպեսզի խորացնի հումանիտար ճգնաժամն Արցախում։
Այս իրավիճակում ես տեսնում եմ, որ շատ մեծ ավերածություններ կան։ Ես կույր եմ, բայց տեսնում եմ հպվելով, ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում։
Միջազգային հանրությունը տեսնում է ամեն ինչ, առանց հպումների, աչքերի օգնությամբ, բայց պատշաճ չի գործում։ Ահա թե ինչու են Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների կողմից այս հանցագործությունները շարունակվում։ Ես՝ որպես կույր և որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան կոչ եմ անում միջազգային հանրությանը սկսել գործել, դադարել խոսել, կույր մի եղեք»,- նշում է նա իր ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Այսօր ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտի համար
- Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ-ը՝ երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին